Մատչելիության հղումներ

Եգիպտոսի բանակն ընդունում է Մուբարաքի ծրագիրը


Եգիպտոս - Կահիրեի Թահրիր հրապարակում բողոքի ցույցի մասնակիցները դիտում են Հոսնի Մուբարաքի հեռուստաելույթը, 10-ը փետրվարի, 2011թ.

Եգիպտոս - Կահիրեի Թահրիր հրապարակում բողոքի ցույցի մասնակիցները դիտում են Հոսնի Մուբարաքի հեռուստաելույթը, 10-ը փետրվարի, 2011թ.

Հինգշաբթի օրը ամբողջ օրը մոլորակի ուշադրության կենտրոնում Կահիրեի Թահրիր հրապարակն էր, որտեղ հավաքված հարյուր հազարավոր մարդիկ երգերով եւ պարերով պատրաստվել են ամենակարեւոր լուրին` երեք տասնամյակ իշխող նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականին։

Երկրում տեղի է ունեցել զարմանալի շրջադարձ` պետական հեռուստակայանը արդեն սովորական դարձած հայրենասիրական երգ ու պարի հետ մեկտեղ սկսել է ցուցադրել Թահրիր հրապարակում հավաքված մարդկանց, ինչն ընկալվել է որպես նախագահի մոտալուտ հրաժարականի մասին վկայոող ազդակ։

«Նախագահը պատրաստվում է խոսել», «Ենթադրվում է, որ նա հրաժարական է տալու»` այս եւ նմանօրինակ այլ ծանուցումներ էին բոլոր լեզուներով վազող տողով գրվում աշխարհի հեռուստաէկրաններին։

Ապա եկել է պահը, երբ Թահրիրում լռություն է հաստատվել, մեկնաբաններն իրենց տեղը զիջել են թարգմանիչներին, եւ մոլորակը լսել է Մուբարաքի ուղերձը։

Նա ասել է, որ սիրում է ժողովրդին, հատկապես երիտասարդներին, որ մարդկանց պահանջն արդար է, որ բռնություն գործած հանցագործները կպատժվեն, հավաստիացրել է, որ իր թիվ մեկ առաքելությունը երկրի եւ ժողովրդի անվտանգությունը պաշտպանելն է, կրկնել է, որ չի առաջադրվելու, հայտնել է, որ չեղյալ է հայտարարելու արտակարգ դրությունը, որ լիազորությունների մի մասը փոխանցում է փոխնախագահ Օմար Սուլեյմանին։

Մի քանի շաբաթ առաջ դա կհամարվեր հրաշալի ելույթ, բայց Թահրիր հրապարակը հիասթափված էր, քանի որ Մուբարաքը չէր ասել այն, ինչ ամբոխն էր սպասում. չէր ասել, որ հիմա է հեռանում։

Զայրացած մարդիկ սկսել են նրան անիծել եւ պահանջել նրա անհապաղ հրաժարականը։

Ուրբաթ օրը մարդկանց է դիմել փոխնախագահ Օմար Սուլեյմանը։ Նա բոլորին հորդորել է սթափվել եւ դադարեցնել բողոքի գործողությունները։

«Եգիպտոսի երիտասարդություն, Եգիպտոսի հերոսներ, գնացե'ք ձեր տները, վերադարձե'ք աշխատանքի, ղեկավարվե'ք միայն ձեր խղճով, մի' հավատացեք արբանյակային կողմնակալ կայաններին, որոնց միակ նպատակը Եգիպտոսը թուլացնելն է», - ասել է Սուլեյմանը։

Նույն օրը իր ծանրակշիռ խոսքն է ասել Եգիպտոսի բանակը։ Զինվորականները հայտարարել են, որ ընդունում են իշխանությունը խաղաղ եղանակով փոխանցելու եւ ազատ ու արդար նախագահական ընտրություններ ապահովելու նախագահ Մուբարաքի ծրագիրը։

Եգիպտոսում բողոքի ակցիաները շարունակվում են։ Ենթադրվում է, որ Թահրիր հրապարակում կհավաքվեն աննախադեպ մեծ թվով ցուցարարներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG