Մատչելիության հղումներ

«Եգիպտոսի զարգացումներին մեծապես նպաստեց ակտիվությունը սոցիալական ցանցերում»


Եգիպտոս - Ընդդիմության կողմնակիցները Կահիրեի Թահրիր հրապարակում կանգնած են կավճով արված Twitter գրառման մոտ, փետրվար, 2011թ.

Եգիպտոս - Ընդդիմության կողմնակիցները Կահիրեի Թահրիր հրապարակում կանգնած են կավճով արված Twitter գրառման մոտ, փետրվար, 2011թ.

Եգիպտոսի վերջին զարգացումներին մեծապես նպաստեց սոցիալական ցանցերում նկատվող ակտիվությունը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Փորձագետը շեշտեց, որ անգամ լրատվամիջոցների գործունեությունը վերահսկող իշխանության պարագայում հնարավոր չեղավ զսպել զանգվածային ընդվզումները, եւ Եգիպտոսի իշխանությունները, փաստորեն, ձախողեցին սոցիալական ցանցերի առավելությունների շնորհիվ շարունակվող բողոքի ալիքի հետեւանքով:

Իսկ սոցիալական ցանցերի առավելությունները, ասաց Սամվել Մարտիրոսյանը, հայտնի են. - «Առաջինը` շատ օպերատիվ տեղեկատվություն տարածել` չգրաքննվող, ինչը կարեւոր է, երկրորդը` սոցիալական ցանցերը տալիս են հնարավորություն` շատ արագ մոբիլիզացնել մեծ քանակի ժողովուրդ»:

«Եգիպտոսում դա ունեցավ իր էֆեկտը: Մեկը` այն, որ ներսում թույլ տվեց շատ արագ հավաքել այդ բողոքող զանգվածները, համախմբել, տեղեկատվությունը տարածել` շատ ուժեղ տեղեկատվության արտահոսք էր գնում եւ հիմա էլ է գնում դուրս», - ընդգծեց փորձագետը:

Հայաստանում նման կամ համեմատելի իրավիճակներում այդ տեխնոլոգիայի օգտագործման նախադրյալներին վերաբերող հարցին Սամվել Մարտիրոսյանը արձագանքեց. - «Քաղաքական ուժերը` ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական, այսօր խաղում են այդ դաշտում: Այնպես որ, կարելի է ակնկալել, որ հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններում, չեմ խոսում [2013 թվականի] նախագահականի մասին, այդ տեխնոլոգիաները օգտագործվելու են»:

«Հայաստանի տարբերությունը նույն Թունիսից կամ Եգիպտոսից այն է լինելու, որ բոլորն են օգտագործելու», - ընդգծեց փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG