Մատչելիության հղումներ

logo-print

Միշել Օբաման դստրերին զրկել է Facebook-ից


Միացյալ Նահանգների առաջին տիկին Միշել Օբաման դստրերի հետ

Միացյալ Նահանգների առաջին տիկին Միշել Օբաման դստրերի հետ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի կինը` Միշելը, դստրերին` 9-ամյա Սաշային եւ 12-ամյա Մալիային արգելել է օգտվել ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեցող Facebook սոցիալական ցանցից։

«Ես կողմ չեմ, որ փոքր երեխաները Facebook օգտագործեն, դա նրանց պետք չէ։ Դրա անհրաժեշտությունը բնավ չկա», - ասել է Միշել Օբաման NBC ամերիկյան հեռուստակայանին տված հարցազրույցում։

Ինչպես San Francisco Chronicle պարբերականն է գրում, մեր օրերում Facebook-ի էջն այնպիսի բան է, ինչպիսին ժամանակին հեռախոսն էր։ «Կասե՞ք ձեր հեռախոսահամարը» հարցի փոխարեն հիմա Facebook-ի ինտերնետային հասցեն (URL) են հարցնում։

ԱՄՆ-ի առաջին տիկնոջ փոխանցմամբ, իր աղջիկները եւ ընդհանրապես` բոլոր փոքր երեխաները չունեն Facebook-ի անհրաժեշտություն։ Թերթը նշում է, որ այդ սոցիալական ցանցում կարելի է էջ բացել միայն 13 տարեկանից։

Պատասխանելով այն հարցին, թե «երբ լքեք Սպիտակ տունը, այդ ժամանակ թույլ կտա՞ք աղջիկներին օգտվել սոցիալական ցանցերից», Միշել Օբաման ժպտալով ասել է, թե «դա կախված կլինի այն բանից, թե երբ ենք հեռանալու եւ քանի տարեկան այդ ժամանակ կլինեն Սաշան եւ Մալիան»։

San Francisco Chronicle-ը հայտնում է, որ գիտնականների թվում էլ կան Facebook-ը երեխաների համար վնասակար համարողներ։ Հայֆայի համալսարանի մասնագետները վերջերս հրապարակել են մի զեկույց, որի համաձայն, որքան շատ ժամանակ են դեռահաս աղջիկները հատկացնում սոցիալական ցանցերին, այնքան ավելի մեծ է անորեքսիա (սովամոլություն) կամ բուլիմիա (շատակերություն) ձեռք բերելու հավանականությունը։

Ըստ մասնագետների, ինտերնետում անցկացրած 8 րոպեից 1-ը տրամադրվում է Facebook-ին»։ Եթե դեռահասը ընդհանուր հաշվով շաբաթական 30 ժամից ավելի է անցկացնում ինտերնետում, ապա ակնհայտ է դառնում, որ նրա մոտ առաջացել է «ինտերնետային կախվածություն»։

San Francisco Chronicle-ը նշում է, թե ոչ ոք կասկածի տակ չի առնում սոցիալական ցանցերի կարեւորությունը, հարմարությունն ու օգտակարությունը. դրանց միջոցով կարելի է տեղեկություններ, լուսանկարներ եւ տեսագրություններ փոխանակել, կազմակերպել միջոցառումներ, ստեղծել որոշակի ծրագրերի, գաղափարների եւ նախաձեռնությունների շուրջ միավորված տարբեր խմբեր, շփվել եւ այլն։

Ապա թերթը գրում է. - «Սակայն, ինչպես առաջին տիկինն է նշում, հարկ է ինչ-որ սահման անցկացնել` թե' մեր եւ թե' մեր երեխաների համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG