Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում Գեւորգ Կոծինյանի մահվան գործով հինգշաբթի օրը ձերբակալվել են 4 զինծառայողներ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից, ձերբակալված շարքայիններ Տարոն Սուվարյանը եւ Վահե Աղաջանյանը կասկածվում են Քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` «զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից», ինչպես նաեւ 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 9-րդ եւ 14-րդ կետերով` «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով` անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահը»:

Նույն գործով ձերբակալվել է կրտսեր սերժանտ Մարգար Դավթյանը, որը կասկածվում է Քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նաեւ 38-359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` նշված հանցագործությանը օժանդակելը, 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 9-րդ, 14-րդ կետերով, եւ 375 հոդվածի առաջին մասով` «իշխանության չարաշահումը եւ իշխանության անգործությունը»:

Ձերբակալվել է նաեւ ավագ լեյտենանտ Արմեն Ռաֆայելյանը, ով կասկածվում է 375 հոդվածի առաջին մասով:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից փոխանցեցին նաեւ, որ նշանակվել է Կոծինյանի դիակի դատաբժշկական փորձաքնություն, ինչպես նաեւ դատահոգեբուժական, դատաքիմիական, դատահետքաբանական, հողագիտական եւ դատաբժշկական փորձաքննություններ:

Հարցաքննվել են գործով որպես վկա անցնող մի շարք անձինք:

19-ամյա զինծառայող Գեւորգ Կոծինյանը մահացել է փետրվարի 6-ին:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չորեքշաբթի օրը հաստատեց, որ զինծառայողը սպանվել է դաժան ծեծի արդյունքում:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG