Մատչելիության հղումներ

«Հետք»-ի խմբագիրը ոստիկանությանը մեղադրում է անգործության մեջ` մանկապղծության մեջ կասկածվող Տեր-Պողոսյանի գործով


Սերոբ Տեր-Պողոսյան
Սերոբ Տեր-Պողոսյան
Ոստիկանությունը հերքում է մեղադրանքները, թե տեղեկացված է եղել, սակայն քայլեր չի ձեռնարկել Ազգային անվտանգության ծառայության կողմից «սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու» մեղադրանքով նախօրեին ձերբակալված «Մեթըլ Փրինս» ընկերության սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից 2009-10 թվականներին անչափահասներին սեքսուալ գործողությունների հարկադրելու վերաբերյալ ոստիկանությունը դիմում-բողոքներ կամ հաղորդումներ չի ստացել, եւ հիմք չկա պնդելու, թե ոստիկանությունը վատ է կատարել իր պարտականությունները:

Քննչական մարմինները սկսեցին զբաղվել Սերոբ Տեր-Պողոսյանի գործով «Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարակումից հետո, որում ասվում էր, որ ախթալացիները Սերոբ Տեր-Պողոսյանին, ում ղեկավարած ընկերությունն է պատկանում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը, մեղադրում են սոցիալապես անապահով ընտանիքների անչափահաս տղաներին մեծ գումարներով դեպի իրեն գրավելու եւ նրանց պղծելու մեջ:

«Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը պնդում է, որ ոստիկանությունը տեղյակ է եղել այդ ամենից:

«Պարզապես նրանք որեւէ քայլ չէին անում, իմանալով, որ Տեր-Պողոսյանը մտերմիկ հարաբերություններ ունի ոստիկանապետի հետ, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Հետք»-ի խմբագիրը:

Էդիկ Բաղդասարյանի փոխանցմամբ, Սերոբ Տեր-Պողոսյանը մոտ 15 հազար դոլար է տրամադրել ոստիկանության Ալավերդու բաժնի շենքի վերանորոգման համար: Խմբագիրն հարցնում է` ինչո՞ւ պիտի գործարարը ոստիկանության շենք վերանորոգի, երբ պետբյուջեով դրա համար հատկացումներ է արվում:

«Նա տարածաշրջանում ամենախոշոր գործարարն է, այնտեղ բազմաթիվ դեպքեր են տեղի ունենում, բազմաթիվ փաստեր ենք մենք հրապարակել, որ ապօրինի շահագործում է հանքավայր, հարկերը չի վճարում, պոչամբարներից պոչհանքերը թափվում են գետերը: Նման փաստեր ենք հրապարակում, որին պետք է անմիջապես արձագանքի ոստիկանությունը: Երբ որ նա ոստիկանության շենքը վերանորոգում է, ինչպե՞ս պետք է ոստիկանությունը քրեական գործ հարուցի», - ասում է Բաղդասարյանը:

Տեր-Պողոսյանը նաեւ ոստիկանության Հասարակական խորհրդի անդամ է եղել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից պարզաբանեցին, որ նրան խորհրդում ընդգրկելու առաջարկը արել է հասարակական խորհրդի նախագահ Ֆելիքս Բախչինյանը` նկատի ունենալով, որ Տեր-Պողոսյանը ճանապարհային երթեւեկության բնագավառում մասնագիտական պատրաստություն եւ փորձ ունեցող անձնավորություն է եւ կարող է օգտակար լինել ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների գործում: Ներկայումս հասարակական խորհրդի գործունեության ժամկետը լրացել է եւ Սերոբ Տեր-Պողոսյանը այլեւս խորհրդի անդամ չէ:

Թեեւ ոստիկանությունը պնդում է, որ տեղեկություն չի ունեցել Սերոբ Տեր-Պողոսյանի գործունեության մասին, «Հետք» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիրն ասում է, որ իր ձեռքի տակ կա նույնիսկ Տեր-Պողոսյանի գործողություններից տուժած անչափահաս երեխաների ցուցակը. – «Ցուցակ, որոնք Սերոբ Տեր-Պողոսյանի զոհերն են: Մոտ 20 հոգի կան»:

Սերոբ Տեր-Պողոսյանն այժմ գտնվում է «Երեւան» քրեակատարողական հիմնարկում: 69-ամյա ամերիկահայ գործարարին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 140 հոդվածի հատկանիշներով` «անձին սեռական հարաբերության, համասեռամոլության կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով»: Այս հոդվածով նախատեսվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Տեր-Պողոսյանը հերքել էր բոլոր մեղադրանքները` ասելով, թե այս կերպ փորձում են արատավորել իր ու իր կնոջ բարի համբավը: ԱՄՆ քաղաքացին առանց անուններ նշելու ասում է, թե Ախթալայում իրեն նախանձողներ կան, որ շարունակ վատություն են ուզում իրենց անել, բայց ինքը, այս ամենին հակառակ, միշտ էլ օգնել է ախթալացիներին, ու կշարունակի օգնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG