Մատչելիության հղումներ

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հինգշաբթի ուշ երեկոյան ժողովրդին հղած հեռուստաուղերձում ասաց, թե «որոշ իշխանություն» է փոխանցում փոխնախագահ Օմար Սուլեյմանին։

Նա հայտարարեց սահմանադրական փոփոխություններ կատարելու մասին։

«Ես պարտավորվում եմ պաշտպանել Սահմանադրությունը, քաղաքացիներին ու իշխանությունը փոխանցել նրան, ով կընտրվի սեպտեմբերին` ազատ եւ թափանցիկ ընտրությունների արդյունքում», - ասաց նա։

Մուբարաքը վերահաստատեց, որ իր թեկնածությունը չի առաջադրելու առաջիկա նախագահական ընտրություններում։

Եգիպտոսի նախագահը նաեւ ընդգծեց, որ չի պատրաստվում գործել արտաքին ուժերի թելադրանքով։

Մուբարաքի խոսքերով` նրանք, ովքեր զոհվեցին Եգիպտոսի անկարգությունների ընթացքում, զուր չեն զոհվել, եւ ինքը զգում է հարազատներին կորցրած մարդկանց ցավը։

Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանը, երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի ուղերձից անմիջապես հետո ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, կոչ արեց ցուցարարներին ու գործադուլավորներին վերադառնալ իրենց տներն ու աշխատանքին։

Ըստ հաղորդագրությունների` ցուցարարները դեպքերի նման զարգացումից հիասթափված են, նրանք սպասում էին Մուբարաքի հրաժարականին։

Նույն օրը, ավելի վաղ, Եգիպտոսի բանակը հայտարարել էր ժողովրդի պահանջներին աջակցելու մասին։

«Եգիպտոսի բանակը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները` պաշտպանելու երկիրն ու աջակցելու համար ժողովրդի օրինական պահանջներին», - մասնավորապես հայտարարել էր բանակի ներկայացուցիչը` հինգշաբթի երեկոյան հանդես գալով պետական հեռուստատեսությամբ։

Մինչ հայտարարությունը Եգիպտոսի զինված ուժերի բարձր խորհուրդը նիստ էր անցկացրել` քննարկելով երկրում ստեղծված իրավիճակը։

Բանակի հրամանատար Հասան ալ-Ռովենին Կահիրեի Թահրիր հրապարակում հավաքված ցուցարարներն ասել էր, որ նրանց բոլոր պահանջները կբավարարվեն։

«Այն ամենը, ինչ դուք ցանկանում եք, կկատարվի», - ասել է նա` առանց մանրամասնելու։

Ցուցարարները ուրբաթօրյա աղոթքից հետո պատրաստվում են ավելի մեծ հանրահավաքի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG