Մատչելիության հղումներ

Հրազդանի բնակիչը պատգամավորի եղբորորդուն մեղադրում է իրեն ծեծելու մեջ


Շահեն Հայրապետյանը եւ նրա մայրը` Վերգինե Հայրապետյանը

Շահեն Հայրապետյանը եւ նրա մայրը` Վերգինե Հայրապետյանը

Հրազդանի Ջրառատ թաղամասի բնակիչ Շահեն Հայրապետյանը Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի եղբորորդուն` Արտակ Ալեքսանյանին մեղադրում է իրեն դաժան ծեծի եւ բռնությունների ենթարկելու մեջ:

Շահեն Հայրապետյանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազություն` ակնկալելով, որ Դատախազությունը քրեական գործ կհարուցի իր պնդմամբ, իրեն ծեծի ու բռնությունների ենթարկած անձանց նկատմամբ եւ կապահովվի իր ու իր ընտանիքի անվտանգությունը: Հաղորդումը վերաբերում է ոչ միայն Արտակ Ալեքսանյանին, այլ նաեւ նրա հետ առնչություն ունեցող շուրջ մեկ տասնյակ անձանց:

Քաղցրավենիք ներկրող «Սուարեն» ֆիրամայում առաքիչ աշխատած Հայրապետյանը պնդում է, որ իրեն սպառնացել են, որ եթե մինչեւ վաղը երեկոյան չվերադարձնի գործընկեր մի քանի խանութների փակվելու պատճառով ֆիրմային պարտք մնացած 1.5 միլիոն դրամը, ապակպայթեցնեն Հրազդանի իրենց տունը եւ դաժան հաշվեհարդար կտեսնեն իր ու իր ընտանիքի հետ: Այս պահին Շահենն ու ընտանիքը լքել են տունը:

Հայրապետյանը պատմեց, որ առաքիչ աշխատելու ընթացքում «Սուարեն» ֆիրմայի ապրանքները բաժանել է Հայաստանի մարզերի խանութներին, որոշ դեպքերում վաճառելուց հետո գումարը վերցնելու պայմանով: Բայց որոշ խանութներում ապրանքը չի վաճառվել, մի քանիսն էլ փակվել են` իրեն պարտք մնալով 3 միլիոն դրամ: Հայրապետյանի պնդմամբ` այդ գումարից 1.5 միլիոնը վերադարձրել է գործատուին, իսկ մնացած 1.5 միլիոն դրամը մարելու համար ինքը առաջարկել է անվճար աշխատել: Նրա խոսքով` փետրվարի 3-ին Արտակ Ալեքսանյանի ընկերը զանգահարել է իրեն` առաջարկել գալ Կոմիտաս փողոցում գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկեթ` պայմանավորվածություն ձեռք բերելու: Բայց քաղաքացու պնդմամբ, խանութի նկուղում իրեն դաժան ծեծի են ենթարկել:

«Անվայել բառեր էին ասում, պադվալ էին իջեցրել ու խփում էին, 5-6 հոգով էին, հետո մի էդքան էլ ավելացան: Ալեքսանյան Արտակի կարգադրությամբ էր էդ ամենը արվում, ինքն էլ էր ինձ խփում փայտով: Հաստ փայտով խփում էր, ասում էի` Արտակ ջան, խնդրում եմ, խփելով ոչ մի եղանակ չի փոխվի, ինձ տարեք ձեր մոտ աշխատացրեք բանվոր, առաքիչ, կողքս մարդ դրեք, աշխատացրեք, ինձ իմ աշխատավարձը պետք չէ, բա, չէ, գնա էսինչ օֆիսներին քցի, բեր, իմ փողերը տուր: Էնքան են ծեծել, որ ընկել եմ գետնին, նորից քացիներով էին խփում: Նույնիսկ էնտեղ աշխատող կանայք վատացել էին», - պատմում է Շահեն Հայրապետյանը:

Նրա մայրը` Վերգինե Հայրապետյանը պատմեց, որ այդ օրը որդու հետ գնացել է «Երեւան սիթի» ու վերեւում սպասել է նրան: Որդուն ծեծված վիճակում տեսնելով` նա վատ է զգացել, որից հետո նրա մեքենայով տարել են Հրազդան: Իսկ Շահենին տարել են Մալաթիայում գտնվող ինչ-որ վագոն-տնակ ու 4 օր պահել այնտեղ` սպառնալով, որ մինչեւ գումարը չվերադարձնի, այնտեղից դուրս չի գա: Շահենի խոսքով` ինքը վագոնից փախել է գիշերով, երբ իրեն հսկողները քնած են եղել, իսկ փախուստից հետո սպառանալիքները չեն դադարել:

Շահեն Հայրապետյանը ցույց տվեց մարմնի վրա գոյացած կապտուկները: Ասաց, որ դիմել են Հրազդանի ոստիկանություն, բայց գործը ընթացք չի ստացել:

Կոմիտասի «Երեւան սիթի» սուպերմարքեթում «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ նման միջադեպ խանութի նկուղում չի եղել: Իսկ Արտակ Ալեքսանյանի բջջային հեռախոսը վերցրեց մի տղամարդ, ով ներկայացավ որպես Ալեքսանյանի ընկեր ու պահանջեց ասել, թե ինչ խնդիր կա:

«Գիտեմ, որ տենց բան չկա: Խնդիրներ չի առաջացել առաքիչների հետ», - ասաց Վարդան անունով ներկայացած անձնավորությունը:

Այն դիտարկմանը, թե գո՞ւցե Արտակ Ալեքսանյանը ցանկանա ասվածին ինչ որ բան հավելել եւ գուցե հնարավորություն տան նրա հետ խոսել, Վարդան ներկայացած անձը կրկնեց, որ ինքն Ալեքսանյանին առնչվող ամեն ինչից տեղյակ է:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG