Մատչելիության հղումներ

Ազգային պատկերասրահում բացվել է հնդիկ նկարչուհու աշխատանքների ցուցահանդեսը


Հայաստանի ազգային պատկերասրահում հինգշաբթի օրը իր աշխատանքների ցուցահանդեսի բացմանը հնդիկ նկարչուհի Բաբիտա Բիսվասը ասաց, որ Հնդկաստանի Մահարաշրա նահանգի «վարլի» գեղանկարչական ոճով են զարդարված այդ նահանգի գրեթե բոլոր շինությունները:

«Սա իմ առաջին ցուցահանդեսն է արտասահանում», - ասաց Բաբիտա Բիսվասը` շեշտելով, որ ուրախ է, որ այն բացվել Հայաստանում:

Ոճի պատմությունը սկսվում է դարերի խորքից. այսօր էլ Մահարաշրա նահանգում ներկերը ստանում են ծեծած բրնձին ջուր խառնելով, իսկ որպես վրձին օգտագործում են ծառի ճյուղերը:

Ինքը` Բիսվասը աշխատում է սովորական ջրաներկով ու վրձիններով, բայց, ինչպես «վարլի» գեղանկարչությունն է ենթադրում, լայնորեն օգտագործում է եռանկյունիներ, կետեր ու գծեր:

Ցուցադրված բոլոր 33 աշխատանքները հիմնականում կրոնական թեմաներով են:

«Ազգային եւ ժամանակակից արվեստը նկարչուհին կարողացել է միահյուսել, եւ ստացվել է շատ հետաքրքիր», - լրագրողներին ասաց Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը:

Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աչել Մալհոդրան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Հայաստանն ու Հնդկաստանը անցյալ տարի նոյեմբերին մշակութային համագործակցության համաձայնագիր են կնքել: Այս ցուցահանդեսը առաջինն է այդ համագործակցության շրջանակներում»:

Հայաստանի մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ համագործակցության շրջանակներում հնարավոր է հայ գեղանկարիչների աշխատանքների ցուցադրումը Հնդկաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG