Մատչելիության հղումներ

Համավճարը` որպես առողջապահության ոլորտը «մաքրելու» նոր գործիք


Առողջապահության նախարարության առողջապահական պետական գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանի ձեւակերպմամբ` համավճարը պատվիրատուի կողմից սահմանված գնի եւ այդ նույն ծառայության իրական արժեքի տարբերությունն է, որը վճարվում է հիվանդի կողմից: Փորձնական փուլից հետո համավճարը ներդրվել է արդեն հանրապետության բոլոր բուժհաստատություններում` անհետաձգելի եւ գինեկոլոգիական բուժօգնության ծրագրերում:

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի խոսքով` համավճարն արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու հնարավորություն է, որով լուծվում է ոլորտում շրջանառվող գումարների թափանցիկության եւ վերահսկողության հարցը: Քրմոյանն ասաց, որ այսուհետեւ բուժհաստատություները հիվանդի հետ կկնքեն պայմանագիր, որտեղ կնշվի, թե ինչ ծառայություն պետք է ստանա հիվանդը, որքան պետք է վճարի, եւ ինչ ժամկետում պետք է դրանք մատուցվեն:

Իսկ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը վստահ չէ, որ համավճարից գոյացող լրացուցիչ ֆինանսական միջոցները կբարելավեն առողջապահական հաստատությունների վիճակը: Ըստ նրա` համավճարի հիմնական նպատակներից մեկը` ստվերում շրջանառվող ֆինանսական միջոցների վերացումը, նույնպես կձախողվի:

XS
SM
MD
LG