Մատչելիության հղումներ

Բեռլինալեն այս տարի էլ բանավեճի առատ նյութ կտա քննադատներին


Բեռլինի 61-րդ կինոփառատոնի ազդագիրը, փետրվար, 2011թ.
Բեռլինի 61-րդ կինոփառատոնի ազդագիրը, փետրվար, 2011թ.
Աշխարհահռչակ ռեժիսորներ Կոեն եղբայրների «Հաստատակամություն» ֆիլմի պրեմիերայով հինգշաբթի օրը Բեռլինում կբացվի կինոաշխարհի ամենահեղինակավոր փառատոններից մեկը` Բեռլինալեն։

Տասը օր շարունակ աշխարհի շուրջ 6 տասնյակ երկրների 400 ռեժիսորներ այստեղ կներկայացնեն իրենց աշխատանքները. գլխավոր մրցանակի` «Ոսկե արջի» համար կպայքարեն 16-ը։

Որպես կանոն քաղաքական ու սոցիալական թեմաներով աչքի ընկնող Բեռլինալեն այս տարի էլ բանավեճի առատ նյութ կտա քննադատներին. ժյուրիի կազմում ընդգրկվել է իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին, ում պաշտոնական Թեհրանը անցած տարեվերջին 6 տարվա ազատազրկման դատապարտեց հակակառավարական գործունեության համար եւ 20 տարով զրկեց իր մասնագիտությամբ զբաղվելու իրավունքից։

Փանահիի աթոռը ժյուրիի կազմում խորհրդանշական կերպով դատարկ կմնա, իսկ փառատոնի շրջանակներում կարմիր թելով կանցնի Իրանում այլախոհների նկատմամբ իրականացվող բռնությունների եւ գրաքննության թեման:

«Մենք մտադիր ենք փառատոնի շրջանակներում` բոլոր մրցութային ու արտամրցութային ծրագրերում, ցուցադրել Փանահիի ֆիլմերը, ինչպես նաեւ 4 նոր ֆիլմ` Իրանի մասին. այդ երկիրը այս տարվա փառատոնի գլխավոր թեմաներից մեկն է», - լրատվամիջոցներին ասել է Բեռլինալեի ղեկավար Դիտեր Կոսլիկը։

Արտամրցութային ծրագրում էկրան կբարձրանա նաեւ գերմանացի ռեժիսոր Սիրիլ Տուշիի ֆիլմը Կրեմլի քննադատ, Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ գործարար, ներկայումս ազատազրկված Միխայիլ Խոդորկովսկու մասին։ «100 րոպե» կոչվող եւ նույնքան էլ շարունակվող վավերագրությունը` հանրահայտ օլիգարխի, նրա անցյալի ու ներկայի մասին, պրեմիերայից առաջ արդեն հասցրել է սկանդալի պատճառ դառնալ. նախ անհայտ անձինք գողացել էին ֆիլմի նախնական տարբերակը պարունակող նոութբուք համակարգիչը, իսկ պրեմիերայից առաջ` վավերագրության բնօրինակը։ Չնայած խոչընդոտներին` ռեժիսորը խոստանում է վերականգնել ֆիլմը եւ պատրաստել այն ցուցադրության մինչեւ փետրվարի 14-ը։

Մրցութային ծագրում Ռուսաստանից ներկայացվել է Ալեքսանդր Մինդաձեի ֆիլմը Չեռնոբիլում տեղի ունեցած ողբերգության մասին։ Ֆիլմի հերոսը հանգամանքների բերումով առաջիններից մեկն է տեղեկանում վթարի մասշտաբների եւ հնարավոր հետեւանքների մասին` կանգնելով դժվարին ընտրության առջեւ. ասե՞լ ճշմարտությունը, թե՞ թաքցնել` խուճապ չառաջացնելու համար։ «Դա ֆիլմ է չեռնոբիլյան աղետի մասին եւ ոչ միայն», - լրատվամիջոցներին ասել է ֆիլմի պրոդյուսեր Ալեքսանդր Ռոդնյանսկին` մանրամասնելով. - «Ֆիլմում որեւէ տեղ, որեւէ լուսագրում չի նշվում Չեռնոբիլ անունը. աղետը մեր մեջ է` շատ ավելի ընդարձակ եւ խորը»։

Ներկայացված ֆիլմերից լավագույնների անունները ժյուրին` հանրահայտ իտալացի դերասանուհի Իզաբելա Ռոսելինիի գլխավորությամբ, կհայտարարի փետրվարի 19-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG