Մատչելիության հղումներ

Stratfor. «Հայաստանում Եգիպտոսի իրադարձությունների կրկնությունը քիչ հավանական է»


Stratfor հետազոտական կենտրոնի լոգոն

Stratfor հետազոտական կենտրոնի լոգոն

«Հայաստանում եւ հետխորհրդային մյուս պետություններում Եգիպտոսի իրադարձությունների կրկնությունը քիչ հավանական է», - պնդում են ամերիկյան Stratfor հետազոտական կենտրոնի փորձագետները:

Վաշինգտոնում գործող այս կառույցի հրապարակած զեկույցում ասված է. - «Հայաստանում լայնամաշտաբ բողոքի ակցիաների եւ անկարգությունների նախադրյալներ չկան, թեեւ Հայ ազգային կոնգրեսը, որ ղեկավարում է նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոգեւորված Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձություններից` փետրվարի 18-ին մեծ հանրահավաք է հրավիրել»:

Stratfor-ի աղբյուրները վկայում են, որ 10 հազար մասնակիցների պարագայում ընդդիմությունը մեծ ոգեւորություն կապրի: Բայց անգամ մի քանի հազար ցուցարարների մասնակցությունը այդ հանրահավաքին ընդդիմության կողմից կընկալվի որպես լուրջ հաջողություն` մղելով նրան հետագա գործողությունների, նշում են ամերիկացի փորձագետները` պնդելով նաեւ, թե վերջին շրջանում հայաստանյան ընդդիմության ակցիաներին մի քանի հարյուր մարդ էր մասնակցում:

«Հստակ չէ նաեւ` արդյոք ընդդիմությունը հնարավորություն կտրվի՞ հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Երբ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները բացահայտեցին բողոքի ակցիաների հետ կապված իրենց ծրագրերը, Երեւանի քաղաքապետարանից հայտարարեցին, որ հրապարակը զբաղված է լինելու, քանի որ փետրվարի 15-ից մարտի 15-ը այնտեղ մարզական եւ մշակութային միջոցառումներ են անցկացվելու», - նշում են Stratfor-ի մասնագետները:

Ամերիկացի փորձագետների կարծիքով, սակայն, «ընդդիմության բողոքի ակցիաները առաջիկա ժամանակաշրջանի առանցքային իրադարձություններն են լինելու եւ արժանի են լուրջ դիտարկման»: «Այնուհանդերձ, իշխանությունների հետ պայքարի առումով Հայաստանի ընդդիմության կարողությունները շարունակում են սահմանափակ մնալ, այդ իսկ պատճառով Հայաստանը խնդրահարույց երկրների շարքում ամենաքիչ ռիսկայինն է», - նշված է Stratfor-ի զեկույցում:

Հետխորհրդային տարածքի ռիսկի գոտում էլ Stratfor-ի մասնագետները երեք պետություն են ընդգրկել:

«Մի քանի պետություններ, այնուհանդերձ, առկա են, որտեղ քաղաքական եւ սոցիալական անկայունության վտանգը բավական մեծ է: Այդ ռիսկերը, սակայն, Եգիպտոսի իրադարձությունների հետ որեւէ առնչություն չունեն: Նման պետությունների թվին կարող ենք դասել Ղրղըզստանը, Տաջիկստանն ու Ադրբեջանը», - նշում է զեկույցի հեղինակ Յուջին Չաուսովսկին:

Անդրադառնալով Ադրբեջանում ստեղծված կացությանը` ամերիկացի փորձագետը նկատում է. - «Ադրբեջանի կառավարությունը ճնշման էր ենթարկվում դեռ Եգիպտոսի իրադարձություններից առաջ: Պատճառը միջնակարգ դպրոցներում գլխաշոր կրելու արգելքն էր, որը հավատացյալների շրջանում լուրջ դժգոհություն առաջացրեց: Բացի այդ, առկա կրոնական խնդիրներից փորձում են օգտվել Ադրբեջանի հարեւան պետությունները, մասնավորապես` Իրանը»:

«Ու թեեւ եգիպտոսյան սցենարի կրկնությունը հետխորհրդային տարածքում քիչ հավանական է, այնուհանդերձ, այս պետությունները կարող են բախվել զուտ տեղական ուրույն խնդիրների, որոնք կվտանգեն գործող վարչակազմերի քաղաքական կայունությունն ու բնակչության անվտանգությունը», - նշում է Յուջին Չաուսովկսին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG