Մատչելիության հղումներ

Փետրվարի 10-ի մամուլ


Մեկնաբանելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած վերջին այցը եւ բանակցային գործընթացում Ադրբեջանի ներկայիս վարքագիծը` «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը գրում է. - «Ադրբեջանը մինչ օրս հրաժարվում է կատարել դիպուկահարներին ռազմական շփման առաջնային գծից հետ քաշելու պահանջը, հետեւողականորեն մեծացնում է իր ռազմական բյուջեն, այդ ամենը համարում բանակցային գործընթացը «դրական հուն» տեղափոխելու միջոցներ։ Այսինքն, բանակցային գործընթաց ասելով՝ մեր հակառակորդը հասկանում է միայն իր պահանջների կատարումը, ինչը բնականաբար անհաղթահարելի փակուղի է ստեղծում միջնորդների համար։ Վերջիններս ներկայումս հարկադրված են ընտրություն կատարել ոչ թե լավի ու վատի, այլ վատի ու ամենավատի միջեւ։ Եվ որպեսզի չլինի ամենավատը, այսինքն՝ պատերազմը, նրանք ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովից հետո հստակորեն որդեգրել են խաղաղության պահպանման միասնական ռազմավարություն։ Կանգնելով նման անհաղթահարելի պատնեշի առաջ՝ Ադրբեջանն առայժմ հարկադրված է շարունակել այն բանակցությունները, որոնք խոստանում էր դադարեցնել Աստանայի գագաթաժողովի ձախողման պարագայում»։

«Ժամանակ» թերթի հարցազրույցում ադրբեջանական 3rd view կայքի խմբագիր, քաղաքագետ Ռաուֆ Ռաջաբովը, պատասխանելով ղարաբաղյան պատերազմի վերսկսման հնարավորության մասին հարցին պատասխանում է. - «Ինչպես իր ժամանակին ասել է գերմանացի ռազմական ստրատեգ Կլաուզեվիցը` պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով: Պարզ է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի ավարտվել քաղաքական համաձայնության կնքումով, եւ մինչ այսօր երկու երկրների զորքերը հավատարիմ են մնում միայն 1994 թվականին կնքված հրադադարի ռեժիմի դադարեցման համաձայնագրին: Այլ կերպ ասած` ռազմական գործողությունների վերսկսման վտանգը երկու ազգերի վրա էլ կախված է ինչպես «դամոկլյան սուրը»: Պատերազմի վերսկսման վտանգ չի լինի միայն այն ժամանակ, երբ երկու կողմերի բանակներն էլ կվերադառնան զորամասեր, Ադրբեջանին պատկանող 7 շրջանները (5-ը ամբողջությամբ եւ 2-ը մասնակիորեն) վերադարձվեն եւ Ղարաբաղի բնակչությունը հանրաքվեի ճանապարհով որոշի իր ապագան: Այսինքն իրականացվեն այն բոլոր քայլերը, որոնք կկանխարգելեն բոլոր հնարավոր բախումները»:

Գնահատելով ներքաղաքական դաշտի իրողությունները` «Հետք» շաբաթաթերթը գրում է. - «Ընդդիմության սպասողականությունը, շարունակվող իներտությունը իշխանական ուժերին հնարավորություն է ընձեռում 2012 թ. խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ, ըստ իրենց հայեցողության, վերաձեւումների ենթարկել քաղաքական դաշտը: Ներկա դրությամբ քաղաքական օրակարգը ձեւավորվում է Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հարաբերությունների շուրջ: Եվ դա փաստացի լուսանցքում է թողել մնացած բոլոր խաղացողներին, այդ թվում նաեւ` արմատական ՀԱԿ-ին ու խորհրդարանական ընդդիմադիր երկու կուսակցություններին` «Ժառանգությանը» եւ ՀՅԴ-ին: Երկրորդ էշելոնում գտնվող այս երեք կուսակցություններն էլ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի համար, ըստ էության, ռեզերվային ուժեր են, որոնք տարբեր վարիացիաներով ու տարբերակներով կարող են մոբիլիզացվել ու խաղարկվել միմյանց դեմ: ՀՀԿ-ն ընդդիմադիր դաշտից որեւէ վտանգ չի տեսնում, որովհետեւ այնտեղ իր նախագահի մասշտաբներին համապատասխան պոտենցիալ մրցակից չի տեսնում: Իշխող կուսակցությունն անգամ անլուրջ է վերաբերվում սկսված սոցիալական ինքնաբուխ բողոքի ակցիաներին` շատ լավ տեսնելով, որ որեւէ քաղաքական ուժ ոչ ցանկանում, ոչ էլ կարողանում է դրան քաղաքական բովանդակություն հաղորդել ու լայն հասարակական դիմադրության շարժում ստեղծել: Գործնականում միակ մրցակիցը մնացել է ԲՀԿ-ն, իսկ ավելի ճիշտ` այս կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը հսկայական ֆինանսատնտեսական ու քաղաքական ռեսուրսների է տիրապետում: Հանրապետության գործող նախագահն ուզում է վստահ լինել, որ այդ ռեսուրսը երբեւէ չի աշխատի իր դեմ: ԲՀԿ-ի կաշկանդումը կազատի Սերժ Սարգսյանի ձեռքերը ներքին ու արտաքին իր բոլոր «նախաձեռնություններում», ինչպես նաեւ հնարավորություն կտա լիարժեք վերահսկողության տակ առնել թե քաղաքական, թե տնտեսական դաշտերը»:

Երեկ «Երկիր» օրաթերթը տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Բեկոր Փափազյանի աշխատավարձը կազմում է 6 մլն 200 հազար դրամ: Այս պատմությունը, պարզվում է, շարունակություն ունի: Թերթի այսօրվա համարում կարդում ենք. - «Երեկ խմբագրություն էր զանգահարել հիմնադրամի աշխատակիցը: Չէր ժխտում, ուղղակի շատ էր ուզում իմանալ` որտեղի՞ց այդ լուրը, ումի՞ց ենք իմացել, ներսի՞ց, թե՞ այլ աղբյուրից: Անուն էր ուզում»: «Մենք դեմ չենք, որ մարդիկ շատ բարձր աշխատավարձ ստանանք, հակառակը: Բայց ինչո՞ւ այսքան անհամաչափ», - տարակուսում է թերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG