Մատչելիության հղումներ

logo-print
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը տարածաշրջանային հերթական այցի շրջանակներում այսօր Երեւանում հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հանդիպումներից հետո համանախագահները հրաժարվեցին մեկնաբանություններից:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ կարեւորվել է անցած տարվա դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթնաժողովին ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ընդունված հնգակողմ հայտարարությունը:

Քննարկվել են հունվարի 24-ին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման արդյունքները:

Համանախագահները, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, վաղը (հինգշաբթի օրը) ԵԱՀԿի Մինսկի խմբի համանախագահները կմեկնեն Լեռնային Ղարաբաղ:

«Կոնկրետ ակնկալիքներ չկան: Հերթական մի այց է, հերթական հնարավորություն մտքեր փոխանակել ե’ւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներքո տեղի ունեցող գործընթացների, ե’ւ ընդհանրապես տարածաշրջանային զարգացումների մասին», - հավելեց Բաբայանը:

Պաշտոնական Ստեփանակերտը համարում է, որ 2011 թվականը հակամարտության կարգավորման առումով «բեկումնային չի լինելու»:

«Ստատուս քվոն, փաստորեն, դա ամենառեալ եւ ամենահնարավոր տարբերակն է… Ադրբեջանը մաքսիմալիստական, ծայրահեղական մոտեցումներ է առաջ բերում, որը մեզ համար անընդունելի է: Այս իրավիճակում նաեւ միջազգային հանրությունը չի կարողանում գտնել այդ բանալին… Իսկ պատերազմի վտանգը միշտ էլ կա, բայց, հաշվի առնելով աշխարհաքաղաքական հավասարակշռվածությունը տարածաշրջանում եւ կողմերի միջեւ, չեմ կարծում, որ դա… այս պահի դրությամբ ռեալ է: Այսինքն` կա հնարավորություն, բայց հավանականությունը քիչ է», - ասաց Բաբայանը:

Ստեփանակերտից համանախագահները կվերադառնան Երեւան, ապա կմեկնեն Բաքու:
XS
SM
MD
LG