Մատչելիության հղումներ

logo-print
Պաշտպանության նախարարությունը «մտահոգիչ» զարգացումներ է արձանագրում Ադրբեջանում:

Վերջին շրջանում հայկական եւ ադրբեջանական կողմերից պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ Ղարաբաղի Պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիպուկահարների կրակոցներն ակտիվացել են:

Չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը չհերքեց որոշ լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությունը, թե հայկական կողմն ունի փաստեր, որ Ադրբեջանը ձեռք է բերել մեծ քանակությամբ դիպուկահար հրազեն եւ պատրաստում է դիպուկահարների խմբեր` այլ պետությունների վարձկան մասնագետների օգնությամբ:

Պաշտպանության նախարարի խոսնակն ընդգծեց, որ միջազգային հանրությունը մշտապես հանդես է գալիս զինված ուժերի շփման գծից դիպուկահարներին հեռացնելու հորդորով, սակայն Ադրբեջանը չի ընդառաջում այդ հորդորներին, ուստի հայկական կողմը ստիպված է խնդրի լուծման այլ տարբերակներ գտնել:

«Ադրբեջանում տեղի են ունենում մտահոգիչ զարգացումներ ու մենք համապատասխան քայլեր ենք ձեռնարկում մեր պաշտպանությունն ամուր պահելու համար» , - նշեց պաշտպանության նախարարի խոսնակը` մանրամասնելով. - «Մենք հիմնականում պաշտպանողական բնույթի միջոցառումներ ենք ձեռնարկելու, որոնց արդյունքում տուժելու են նրանք, ովքեր կհանդգնեն հարձակողական բնույթի գործողություններ կիրառել»:

Դավիթ Կարապետյանը կարծիք հայտնեց, որ ղարաբաղյան հակամարտության լուծման գործում միջնորդ պետությունները տեղեկացված են «ադրբեջանական դիպուկահարների վերջին ամիսների ակտիվ գործունեության վերաբերյալ»:

«Ու եթե մեր քայլերը հանգեցնեն նրան, որ ադրբեջանական դիպուկահարները դադարեցնեն իրենց գործողությունները, կարծում եմ Արեւմտյան գործընկերները եւ, ընդհանրապես, ղարաբաղյան հակամարտության մեջ միջնորդական առաքելություն իրականացնող պետությունները միայն շահագրգռված կլինեն», - ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակը:

Ստեփանակերտը ողջունում է դիպուկահարներին չեզոքացնելու ծրագրերը


Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ միջազգային հանրությունը չունի որեւէ հակափաստարկ, թե ինչու հայկական կողմը չպետք է այդ քայլին դիմի:

«Բազմից ասում ենք, եւ Ադրբեջանը շարունակում է: Հիմա ի՞նչ անենք, թողնենք, որ մեր զինվորներին դիպուկահարները ոչնչացնե՞ն», - հարցրեց ԼՂ նախագահի խոսնակը:

«Մենք չպետք է թույլ տանք, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից եւ պետք է չեզոքացնենք այդ վտանգի աղբյուրը», - հավելեց Դավիթ Բաբայանը` կանխատեսելով, որ շփման գծում լարվածությունը առաջիկայում ավելի է խորանալու:

Նա նաեւ տեղեկացրեց, որ առաջիկա օրերին ԵՀԱԿ-ի Մինսկի խմբի համանախագահների Ստեփանակերտ այցի ընթացքում Ղարաբաղի իշխանությունները բարձրացնելու են այդ բոլոր հարցերը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG