Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանատունը չի մեկնաբանում Հայաստանի քրեական իրականության վերաբերյալ Русский Репортер-ի հրապարակումը


Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը չի մեկնաբանում Русский Репортер կայքում «Բանդիտական Երեւան» վերնագրի ներքո տեղադրված փաստաթուղթը, որն այդ լրատվամիջոցի պնդմամբ, Wikileaks կայքի կողմից գաղտնազերծված ԱՄՆ դիվանագիտական հեռագրերից է եւ պարունակում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչ գնահատականները Հայաստանի քրեական իրականությանը:

«Գաղտնի տեղեկատվության ցանկացած չարտոնված հրապարակում Wikileaks-ի կողմից վնասակար հետեւանքներ է ունենում ոչ միայն հիշատակվող անձանց կյանքի համար, այլեւ պետությունների հարաբերությունների վրա: Հաշվի առնելով հնարավոր ազդեցությունը` մենք դատապարտում ենք այս կարգի չարտոնված հրապարակումներն ու ձեռնարկում բոլոր հնարավոր քայլերը հետագայում նման խախտումները կանխելու համար», - ասված է ԱՄՆ-ի դեսպանատնից «Ազատություն» ռադիոկայանին տրամադրված պարզաբանման մեջ:

Русский Репортер-ի հրապարակման մեջ ԱՄՆ դեսպանին վերագրվող հեռագրում խոսվում է Հայաստանում 2008 թվականի հոկտեմբերին մեկը մյուսին հաջորդած սպանությունների մասին. մեկ սպանություն Երեւանում, չորսը` Սպիտակում, եւ անհաջող մահափորձ Ստեփանավանի քաղաքապետի դեմ:

Հրապարակման մեջ հիշատակվում է 2008-ին տեղի ունեցած մի ծեծկռտուքի մասին, որին մասնակցություն է ունեցել Սերժ Սարգսյանի եղբորորդին, ով ներկայացվում է իբրեւ կռիվը հրահրող: Անդրադարձ կա նաեւ Հայփոստի հոլանդացի նախկին կառավարիչ Հանս Բունի վրա կատարված հարձակմանը: Նշվում է, որ Բունը լուրջ վնասվածքներ է ստացել, որից հետո նրան ուղղակի էվակուացրել են Հայաստանից:

Русский Репортер-ի հրապարակման մեջ խոսվում է նաեւ Ուկրաինայի այն ժամանակվա դեսպանի բնակարանի վրա իրականացված հարձակման մասին: Ըստ այդմ` Ուկրաինայի դեսպանը ամերիկացի իր գործընկերոջն ասել է, որ այդ հարձակումը կապում է Հայաստանի կառավարության հետ ունեցած հակասությունների հետ` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հայաստանյան այցի օրը «Գոլոդոմոռի» վերաբերյալ` բնույթով հակառուսական միջոցառում անցկացնելու իր մտադրության առնչությամբ:

Հրապարակման «Մեկնաբանություններ» բաժնում նշվում է, որ Հայաստանն ավանդաբար անվտանգ երկիր է եղել, միջադեպեր տեղի ունենում են օլիգարխների, գեներալների եւ նրանց երեխաների ու բարեկամների հետ, սակայն «նոր երեւույթներ են» համարվում դիվանագետի եւ օտարերկրացու վրա հարձակումները:

Русский Репортер-ի կողմից հրապարակված եւ Wikileaks-ին վերագրվող մեկ այլ դիվանագիտական հեռագրում, որը լրատվամիջոցի ներկայացմամբ կազմել է Հայաստանում ԱՄՆ նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը, անդրադարձ կա 2008-ի ապրիլին Հայաստանում տիրող տնտեսական իրավիճակին: Ասվում է, որ վիճակը ծանրացել է եւ աճող արտագաղթի պատճառ է հանդիսանում: Նշվում է, որ նույնիսկ միջին դասի ներկայացուցիչներն այլեւս պատրանքներ չունեն Հայաստանի ապագայի վերաբերյալ եւ չեն հավատում, որ երկիրը կարող է դառնալ կայուն ու բարգավաճող, իսկ նախագահական ընտրություններին հետեւած ներքաղաքական ճգնաժամը արտագաղթի լրացուցիչ խթան է հանդիսանում:

Պաշտոնական Երեւանն այս հրապարակումներին չի արձագանքել:

Wikileaks-ի ավելի վաղ հրապարակած փաստաթղթերի կապակցությամբ Հայաստանի նախագահի աշխատակազմից հակադարձել էին, թե չեն մեկնաբանում «այլ պետության դիվանագիտական գաղտնի գրագրությունը»:
XS
SM
MD
LG