Մատչելիության հղումներ

logo-print

Ղարաբաղում զինծառայողի մահվան գործով «հանցանքը կատարողների շրջանակը պարզված է»


Զորավարժություններ Ղարաբաղում, արխիվ

Զորավարժություններ Ղարաբաղում, արխիվ

Փետրվարի 6-ին Ղարաբաղի Հադրութի զորամասերից մեկում 19-ամյա ժամկետային զինծառայող Գեւորգ Կոծինյանի սպանության փաստով նույն օրը 2-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից, գործը հարուցվել է Քրեական օրենսգքրի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, ինչպես նաեւ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից եւ անզգուշությամբ առաջացրել տուժողի մահը:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության փոխանցմամբ` հանցանքը կատարողների շրջանակը պարզված է: Թեեւ այս պահի դրությամբ ձերբակալված կամ կալանավորված անձինք չկան, սակայն չի բացառվում, որ օրվա ընթացքում ձերբակալություններ լինեն:

19-ամյա Գեւորգ Կոծինյանը բանակ էր զորակոչվել Վանաձոր քաղաքից: Նա Լեռնային Ղարաբաղում ծառայել էր ընդամենը 9 ամիս: Սպանված զինծառայողի դին երեկ արդեն տեղափոխվել է Վանաձոր: Զինծառայողի մահվան վկայականից, որը տրվել է նրա ծնողներին փետրվարի 8-ին, պարզ է դառնում, որ Կոծինյանին դաժանաբար ծեծի են ենթարկել: Նրա մահվան վկայականում մասնավորապես նշված է` սրտի ռեֆլեկտոր կանգ, կրծքավանդակի փակ, բութ վնասվածք, կրծքավանդակի փափուկ հյուսվածքների, ձախ թոքի, սրտի արյունազեղումներ, աջ անրակի հոդախախտ, աջից գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների, աջ երիկամի եւ մակերիկամի արյունազեղումներ:

Կոծինյանի մորեղբայրը` Բորիս Ադամյանը, ով ներկա է եղել դիահերձմանը, «Ազատություն» ռադիոկայանի Վանաձորի թղթակցի հետ զրույցում պատմեց, թե սկզբում իրենց ասել են, որ երիտասարդը ինֆարկտից է մահացել, բայց հետո արդեն դիահերձումը ցույց է տվել բազմաթիվ վնասվածքներ: Նրա պնդմամբ` Գեւորգին ծեծի են ենթարկել չորս զինծառայողներ:

«Կարելի է ասել խմբակային, գազանաբար ծեծի են ենթարկել զինվորին, եւ նրա օրգանիզմը չի դիմացել: Կրծքավանդակին ուժեղ հարվածից առաջացել է արյան զեղում եւ սրտի կանգ, սրտի ներսի սալջարդը, ինչը նշվում է նաեւ մահվան վկայականում», - ասաց Ադամյանը:

19-ամյա Գեւորգ Կոծինյանի պապը արտասվում էր ու հարցնում, թե ինչո՞ւ պետք է երեխային բանակ ուղարկեն եւ 9 ամիս անց այնտեղից նրա դին բերեն:

«Անտեր երկիր է, բա մարդ 18 տարի երեխուն պահի, ուղարկի բանակ, բանակից երեխու դիակը բերե՞ն», - հարցնում էր պապը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG