Մատչելիության հղումներ

Արմեն Ջիգարխանյանը քննադատում է Ռուսաստանում աճող այլատյացությունը


Արմեն Ջիգարխանյանը «Ազատություն» ռադիոկայանի Մոսկվայի ստուդիայում, արխիվ
Արմեն Ջիգարխանյանը «Ազատություն» ռադիոկայանի Մոսկվայի ստուդիայում, արխիվ
Հայազգի հանրահայտ դերասան, ռեժիսոր, թատրոնի ղեկավար Արմեն Ջիգարխանյանը, պատասխանելով BBC-ի ռուսական ծառայության ընթերցողների հարցերին, քննադատել է Ռուսաստանում աճող այլատյացությունը:

«Չե՞ք վախենում Մոսկվայում փողոց դուս գալ, եւ ի՞նչ գնահատական կտաք Ռուսաստանում աճող ազգայնական տրամադրություններին», - այս հարցին Ջիգարխանյանը արձագանքել է. - «Կարծում եմ, դա լուրջ խնդիր է Ռուսաստանի նման բազմազգ պետության համար: Կարելի է, անշուշտ, վրացուն կամ տաջիկին չսիրել, սակայն դա չի կարող սպանության վերածվել կամ հարձակման: Սա շատ գարշելի է»:

«Իսկ ո՞րն է այդ ամենում պետության դերը», - հեղինակավոր դերասանին հարցրել է BBC-ի հայաստանցի ընթերցողներից մեկը` ընդգծելով. - «Ակնհայտ է, որ կառավարությունը կուլիսներում հովանավորում է ֆաշիզմը»:

«Չեմ կարծում, թե կառավարությունը նման քաղաքականություն է վարում», - պատասխանել է Ջիգարխանյանը` միաժամանակ հավելելով. - «Այդուամենայնիվ, եթե գնահատական եք ուզում, անհրաժեշտ է փաստել` իշխանությունը ուղղակի անտարբեր է այս ամենի նկատմամբ, դիրքորոշում չունի, ինչը եւս մեծ ողբերգություն է»:

«Ամերիկացիները երբեք չեն նշում, թե դու ինչ ազգության ես պատկանում, նրանք միայն գրում են` «Միացյալ Նահանգների քաղաքացի», ինչը ուղղակի նշանակում է` «ես սիրում եմ երկիրը, որտեղ ապրում եմ»: Մինչդեռ Ռուսաստանում ես նախ հայ եմ, հետո` ռուսաստանցի: Դա ճիշտ չէ եւ որեւէ լավ բանի չի հանգեցնի», - ընդգծել է անվանի դերասանը` հավելելով. - «Միակ բանը, որով մենք մխիթարվում ենք, այն համոզմունքն է, որ միմյանց վրա կեղտ շպրտողները չեն միայն ռուսները` կան նաեւ մարդիկ, որոնք ճանաչում են, հասկանում եւ գնահատում»:

Անդրադառնալով ռուսական կինոյի վիճակի վերաբերյալ ընթերցողներից մեկի հարցին` Ջիգարխանյանը փաստել է. - «Մենք աղքատ երկիր ենք, իսկ աղքատ երկրում կինո չի լինում: Կիսաաղքատ թատրոն դեռ կարող է գոյություն ունենալ, բայց կինոն արտադրություն է»:

BBC-ի բելառուս ընթերցողներից մեկն էլ հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է Ջիգարխանյանը շնորհավորել Ալեքսանդր Լուկաշենկոյին դեկտեմբերին անցկացված վիճահարույց ընտրություններից հետո:

«Մի՞թե չգիտեիք, թե ինչ է կատարվում ընդդիմության հետ, չգիտեի՞ք քաղբանտարկյալների մասին», - այս հարցին Ջիգարխանյանը արձագանքել է. - «Այն, ինչ կատարվում է ընդդիմության հետ, իմ գործը չէ` դրա համար գոյություն ունի կագեբե, շպտ, մտպ... Հեռուստատեսությունը ցույց է տալիս, որ Լուկաշենկոն ստացել է 80 տոկոս ձայն, ես էլ մտածում եմ` չի կարող, չէ՞, այնպես պատահել, որ այնտեղ 80 տոկոսը ապուշ լինեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG