Մատչելիության հղումներ

Հայաստանի կրոնական փոքրամասնությունների եւ փախստականների մասին զեկույց ԵԽ-ում


Կապույտ մզկիթը Երեւանում

Կապույտ մզկիթը Երեւանում

«Չնայած Հայաստանում արձանագրված որոշակի բարելավմանը` կրոնական փոքրամասնությունների եւ փախստականների իրավունքների պաշտպանության ասպարեզում որոշակի մտահոգություններ առկա են», - նշում են Եվրոպայի խորհրդի Այլատյացության եւ անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովի փորձագետները:

Եվրոպայի խորհրդի կազմում գործող այս կառույցը երեքշաբթի օրը Ստրասբուրգում հրապարակել է Հայաստանին վերաբերող հերթական զեկույցը, որում արձանագրում է. - «Հայաստանում չկա ուղղակի թշնամանք այլազգիների եւ երկրի քաղաքացի չհանդիսացող անձանց նկատմամբ: Գրեթե նկատելի չեն կամ ընդհանրապես բացակայում են հակամահմեդական տրամադրությունները: Իշխանությունները չեն միջամտում եզդիների եւ քրդերի միջեւ ինքնության շուրջ ծագած վեճին»:

«Սրան զուգահեռ, մի շարք ակնհայտ վտանգներ են առկա` կապված կրոնական անհանդուրժողականության խնդրի հետ», - նշում են զեկույցի հեղինակները` մանրամասնելով. - «Եթե ավանդապես երկրում ապրող կրոնական խմբերը` եզդիները կան հրեաները որպես սպառնալիք չեն ընկալվում, ապա նոր եկեղեցիների ստեղծման փորձերին հայ հանրությունը կասկածանքով է մոտենում: Որոշ բողոքականների, ինչպես նաեւ կրիշնայականների եւ Եհովայի վկաների գործունեությունը մամուլում հիմնականում բացասական լույսի ներքո է լուսաբանվում, նրանց մեղադրում են «երկրի հոգեւոր անվտանգությունը վտանգելու մեջ»:

Եվրոպայի խորհրդի փորձագետները նաեւ արձանագրում են, որ Ազգային անվտանգության ծառայությունը իր ուշադրության ներքո է պահում նորաստեղծ եկեղեցիների գործունեությունը: Զեկույցում, մասնավորապես, հիշատակված է Գյումրիում տեղի ունեցած մի դեպք, երբ Ավետարանչական եկեղեցու ներկայացուցիչներին հրավիրել էին ԱԱԾ` «զրույցի»:

Ինչ վերաբերում է այլատյացության հողի վրա կատարվող բռնարարքներին, ապա դրանց թիվը, ըստ զեկույցի հեղինակների, աննշան է: «Որոշ հիշատակումներ կան միայն հրեական հուշարձանների հետ կապված միջադեպերի եւ Եհովայի վկաների դեմ բռնարարքների մասին», - նշում են եվրոպացի փորձագետները: Նրանց կարծիքով` նաեւ բավական մեծ է այլընտրանքային զինծառայության ժամկետը, որում հիմնականում ընդգրկված են հենց Եհովայի վկաները:

Խոսելով ազգային փոքրամասնությունների նկատմամբ պետության որդեգրած քաղաքականության մասին` զեկույցի հեղինակները նկատում են. - «Բնակչության այս խմբերի համար լեզվի, մշակույթի եւ ժառանգության պահպանման համապատասխան պայմաններ են ստեղծված: Դրա հետ մեկտեղ, ազգային փոքրամասնություններին պետական դրամաշնորհների հատկացման քաղաքականությունը չի արտացոլում այս խմբերի իրական կարիքները»:

Եվրոպացի փորձագետների տեղեկությամբ` Հայաստանում բնակվող 11 ազգային խմբերին պետությունը տարեկան տրամադրում է 9 միլիոն դրամ (մոտ 25 հազար դոլար): Այդ 9 միլիոնը հավասարապես բաշխվում է բոլոր խմբերի միջեւ: Որպես հետեւանք` բավական զգալի թվաքանակ կազմող եզդիներն ու աննշան թիվ կազմող հույները պետությունից նույն գումարն են ստանում` 818-հազարական դրամ:

Զեկույցի հեղինակները նշում են, որ ապաստան տրամադրելու խնդրանքով Հայաստանի իշխանություններին դիմող անձանց գործերի քննության ընթացքում եւս որոշակի խնդիրներ են ծագում:

Այսպես, 2010 թվականի հունվարին Հայաստանը Թուրքիային է հանձնել ազգությամբ քուրդ մի փախստականի, որը մինչ այդ պաշտոնապես դիմել էր Հայաստանի իշխանություններին` ապաստան տրամադրելու խնդրանքով: «Հայկական կողմը նշում է, որ այդ սխալը զուտ վարչարարության հետ կապված թերությունների արդյունք է: Էքստրադիցիայի ենթարկված քուրդ փախստականի դիմումը Միգրացիայի պետական վարչություն է հասել նրան Թուրքիային հանձնելուց հետո արդեն», - նշում են եվրոպացի փորձագետները:

Նրանք նաեւ հանդես են եկել մի շարք առաջարկներով, որոնք ի կատար ածելու դեպքում հնարավոր կլինի բարելավել կացությունը:

«Անհրաժեշտ է նվազեցնել այլընտրանքային զինծառայության ժամկետը վեց ամսով, վերանայել ազգային փոքրամասնությունների պետական ֆինանսավորման կարգը, ինչպես նաեւ բարելավել Նոր Նորքի միգրացիոն կենտրոնում բնակվող փախստականների բնակարանային պայմանները», - ասված է զեկույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG