Մատչելիության հղումներ

Փետրվարի 9-ի մամուլ


«Հրապարակ»-ը խմբագրականում գրում է. - «Երեկվա օրը նշանավորվեց նրանով, որ վերջին ամիսներին ստվերում մնացած Ռոբերտ Քոչարյանը կրկին ներկայացավ հայ հանրությանը եւ ամենակարեւորը՝ ներկայացրեց իր արժեքավոր մտքերը: Ոմանք կարծում են, որ այս հայտնության հիմնական նպատակը Գագիկ Ծառուկյանի խոսքերը հաստատելն էր եւ իր գոյության մասին հիշեցնելը: Մյուսները պնդում են, որ սա զգուշացում է՝ ուղղված Սերժ Սարգսյանին, որ եթե ԲՀԿ-ին շատ նեղես, ես այլ խաղաքարտեր էլ կբացեմ եւ բաց առճակատման կանցնեմ: Մեկ այլ խումբ վստահ է, որ եկել է երրորդ ուժի հայտնվելու ժամը եւ այդ ուժի դերում կարող է լինել Ծառուկյանը՝ Քոչարյանի քավորությամբ: Մյուսները պնդում են, որ Քոչարյանը վերադարձի շանս չունի, եւ այս մաղձը հենց այդ անհնարինության զգացումից է»:

Այս առթիվ երեկ Ազգային ժողովում ելույթ է ունեցել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը: Ելույթը մեջբերում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը: «Եթե խոսում ենք եթե-ներով, ապա խոսենք ամբողջական: Իսկ ի՞նչ կլիներ, եթե ՀՀԿ-ն չսատարեր երկրորդ նախագահին, եթե կոալիցիա չկազմեր, եթե 2007-ին նորից կոալիցիա չկազմեր: Եվ բազմաթիվ նմանատիպ եթե-ներ… 98 թվականի արտահերթ նախագահական ընտրությունների պաստառներն ենք հիշում, երբ իշխանության թեկնածու, իսկ հետո արդեն Հանրապետության երկրորդ նախագահ դարձած Ռոբերտ Քոչարյանին սատարում էին Հանրապետականի երկու ապագա առաջնորդները` Վազգեն Սարգսյանը եւ Սերժ Սարգսյանը: Իսկ ի՞նչ կլիներ, եթե հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո ՀՀԿ-ն պետականության պահպանման խնդիր չորդեգրեր եւ այլ կողմնորոշում ունենար… Ժողովրդավարության օրինաչափություններից է նաեւ կուսակցության նախագահ ունենալու խնդիրը: Քաղաքական դաշտի առանցքային դեմքերը ողջ քաղաքակիրթ աշխարհում կուսակցության ղեկավարներն են… 90-ականների վերջին գուցե ակտուալ էր «Իմ կուսակցությունը ժողովուրդն է», սակայն հիմա` «Իմ ժողովուրդը»», - մասնավորապես, ասել է Ավագյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. - «Այսօր Սասուն Միքայելյանի հետ կապված կարգավիճակը սխալ ա: Ես միշտ ասել եմ` անկախ նրանից, որքա՞ն ա Սասունը սխալ, որքա՞ն ա ճիշտ, դա էս դեպքում կարեւոր չի: Հաշվի առնելով իրա անցած ճանապարհը, ինքը անհատ ա եղել, որ իրա շուրջ հավաքել ա մի ամբողջ շրջանի տղերքի ու պատերազմ ա տարել. ամեն մարդու շուրջ չի, որ կարան մարդիկ հավաքվեն: Ու էտ տղու հետ էսօր նման ձեւով վերաբերվել` ես գտնում եմ, որ շատ սխալ ա: Ես նորից եմ կրկնում, անկախ նրանից, ինքը ճիշտ ա, թե՞ սխալ, ես չեմ ընդունում, որ էսօր ինչ-որ հետապնդումներ կան: Էս ձեւերով էսօր եսիմ ի՞նչ են ուզում անել, ուզում են վրե՞ժ լուծել, թե՞ ուրիշ բան, ես չեմ ընդունում, սխալ ա: Իմ գլխով էլ են նման բաներ շատ անցել, ես իմ կաշվի վրա եմ զգացել ու գիտեմ, որ էտ շատ սխալ ա»:

ՀՀԿ-ական պատգամավոր, քաղաքագետ Արտակ Զաքարյանը «Հայոց Աշխարհ»-ին ասում է. - «Նկատելի է, որ ժողովրդավարության ու մարդու իրավունքների տրամադրած լայն ազատություններն ու հնարավորությունները որոշակիորեն բարդ իրավիճակներ են ստեղծել մի շարք եվրոպական երկրներում: Միաժամանակ Եվրոպան ընդհանրական համամարդկային արժեքներ կրող հանրություն է, իսկ Հայաստանը եւ հայ ժողովուրդը այս արժեհամակարգի բաղադրիչներից է, այն լիիրավ կրողներից, տերերից մեկը: Աշխարհում առկա բազմատեսակ նոր մարտահրավերները, տարբեր պետությունների ու տարածաշրջանների հարաբերությունները, հասարակությունների տրամադրությունները անվտանգությանը սպառնացող վտանգների նոր միջավայր են ստեղծում: Այս ամենը սպառնում է նաեւ մեզ, հետեւաբար մենք եւս, անհրաժեշտորեն, անվտանգություն ապահովելու նոր գործիքներ պետք է ունենանք»:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից «Կապիտալ»-ին տեղեկացրել են որ փետրվարի 6-ի դրությամբ Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր է կնքել 331,1 հազ. տրանսպորտային միջոցի սեփականատեր կամ հաշվառված տրանսպորտային միջոցների 77%-ը։ Թերթը շարունակում է. - «Բյուրոյի տվյալների համաձայն՝ հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 6-ը ապահովագրական ընկերություններն արդեն ստացել են ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 3020 ահազանգ, որից 1108-ը՝ գրավոր։ Այս ժամանակահատվածում ապահովագրական ընկերություններն արդեն կատարել են 115 մլն դրամի փոխհատուցում, եւս 135 մլն դրամի գործեր գտնվում են կարգավորման փուլում։ Ստացվում է, որ փոխհատուցման միջին գումարը կազմում է 225,6 հազար դրամ, ինչն այդքան էլ մեծ չէ, եթե հաշվի առնենք, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքով ամրագրված է, որ ավտոտրանսպորտային միջոցի հետ կապված մեկ ապահովագրական պատահարի դեպքում գույքին պատճառված վնասների համար փոխատուցման գումարի առավելագույն չափը 1,5 մլն դրամ է»։

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG