Մատչելիության հղումներ

logo-print
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի գնահատմամբ, «Հայկական ժամանակ» օրաթերթի նկատմամբ հաշվեհարդար է իրականացվել եւ այդ գործում դատարանը օգտագործվել է որպես գործիք:

Նախօրեին դատարանը բավարարեց Ազգային ժողովի 3 պատգամավորների` Ռուբեն Հայրապետյանի, Սամվել Ալեքսանյանի, Լեւոն Սարգսյանի հայցն ընդդեմ «Հայկական ժամանակի»` թերթին պարտավորեցնելով պատգամավորների պատվին եւ արժանապատվությանը հասցված վնասի համար վճարել ավելի քան 6 միլիոն դրամ եւ հերքել անցած տարվա հոկտեմբերի 14-ին հրապարակված հոդվածը: Հիշյալ հոդվածում ասվում էր, որ վերոհիշյալ պատգամավորները առնչություն ունեն նարկոբիզնեսի, թրաֆիքինգի եւ փողերի լվացման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնությունում հարուցված քրեական գործերին: Հոդվածում «Հայկական ժամանակը» չէր նշել իր տեղեկատվության աղբյուրը, ինչի իրավունքն օրենքով ուներ: Սակայն տեսնելով, որ խնդիրներ են առաջանում, թերթը այդ պատգամավորներին ուղղված նամակներում նշել էր, որ հոդվածի աղբյուրը Մոսկվայում գործող «Միաբանություն» ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանն է: Ավելի ուշ «Հայկական ժամանակ»-ը հրապարակել էր նաեւ Կարախանյանի հետ հարցազրույցը:

«Այս կոնկրետ դեպքը կարելի է համարել հաշվեհարդար, որովհետեւ ամեն դեպքում, թերթը բացահայտել է իր աղբյուրը` չսպասելով դատական նիստին: Ըստ օրենքի` միայն դատարանը կարող է պարտադրել լրագրողին եւ խմբագրությանը բացահայտել աղբյուրը: Այս ամենին խմբագրությունը չի սպասել: Սակայն ամբողջ այս գործընթացը դատարանը հաշվի չի առել», - ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը` համոզմունք հայտնելով, որ այս որոշմամբ վտանգավոր նախադեպ է ստեղծվել:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավարը լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներ գործադրելու միտում է տեսնում` նշելով, որ նմանատիպ հայցեր են ներկայացվել նաեւ «Ժամանակ», «Առավոտ» օրաթերթերի, News.am կայքի դեմ:

«Սա կարծես թե արշավ լինի», - ասում է Մելիքյանը:

«Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը ընդհանրապես «աբսուրդ» է համարում իրենց դեմ սկսված այս գործընթացը, որովհետեւ տեղեկատվության աղբյուրը` Սմբատ Կարախանյանը, պատրաստ է պատասխանել բոլորի հարցերին, բայց բողոքող կողմը չգիտես ինչու որեւէ հարց Կարախանյանին չի տալիս:

«Ինձ թվում է, որ իրենք ինչ-որ բան գիտեն Սմբատ Կարախանյանի ունեցած տեղեկատվության աղբյուրների հետ կապված, այդ պատճառով չեն դիմում նրան հերքման պահանջով, ու դա ավելի է ինձ համոզում, որ Սմբատ Կարախանյանի ունեցած տեղեկությունները լիովին համապատասխանում են իրականությանը», - նշեց Հայկ Գեւորգյանը` հավելելով, որ թերթն այնքան էլ հարուստ չէ, բայց միեւնույն է, այդ հանգամանքը չի կաշկանդելու իրենց լրագրողական աշխատանքն իրականացնելու գործում:

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ դեռեւս անցած տարի, երբ ապաքրեականացվում էր զրպարտության մասին հոդվածը, ինքը վտանգավոր միտում էր տեսնում այդ գործընթացում, քանի որ լրատվամիջոցին քրեական պատասխանատվության ենթարկելը, որը մեծ արձագանք կարող էր առաջացնել, փոխարինվեց տուգանքով:

«Թվում է, թե դա դեպի եվրոպական արժեքներ միտված քայլ է, բայց իրականում դա հենց հնարավորություն է տալիս, որպեսզի իշխանությունը կարողանա վրեժխնդիր լինել եւ հաշիվ մաքրել ընդդիմադիր լրատվամիջոցների հետ: Եթե երեկվա որոշումը նախադեպ դառնա, ապա կարելի է դատի տալ աշխարհի բոլոր լրատվամիջոցներին` բոլոր հրապարակումների համար», - նշեց Աբրահամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG