Մատչելիության հղումներ

Հայաստանի քաղաքական ուժերը մեկնաբանում են Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան

Իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, արձագանքելով «Մեդիամաքս» գործակալությանը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի տված վերջին հարցազրույցին, շեշտեց, որ վերջինիս նախագահի պաշտոնում երկու անգամ ընտրվելիս ՀՀԿ-ն է սատարել:

«Թե' 1998-ի, թե' 2003-ի ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի հիմնական սատարող ուժը եղել է Հանրապետական կուսակցությունը: Բայց ինչպես նախկինում, հիմա եւս, եւ հաստատ` ապագայում էլ, ՀՀԿ-ն համախմբված է լինելու իր կուսակցության գաղափարախոսության եւ ղեկավար Սերժ Սարգսյանի շուրջ», - ասաց Շարմազանովը` արձագանքելով Քոչարյանի` ՀՀԿ-ի ուժեղացմանն ուղղված իր ջանքերի մասին հայտարարությանը:

Քոչարյանը «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջերս իշխանական կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարության շուրջ ծավալված բանավեճին, թե Քոչարյանը կարող էր կա'մ սեփական կուսակցություն ստեղծել, կա'մ էլ գլխավորել ՀՀԿ-ն, սակայն չի կամեցել: Այս հայտարարությանը հետեւեց հանրապետականների բուռն արձագանքը, որոնք պնդում էին, որ այս հրապարակային մտորումները կառուցողական դաշտից չեն:

Իր հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հակադարձում է` ասելով. - «Ծավալված բանավեճի բնույթը ցույց տվեց, որ որոշ քաղաքական գործիչների հիշողությունը, ցավոք, չափազանց կարճ է»:

Հարցազրույցում Հայաստանի նախկին նախագահը նաեւ ասում է, որ «2003 եւ 2007 թվականներին իր հետ անուն առ անուն համաձայնեցվել է ՀՀԿ նախընտրական ցուցակը»:

Նա հարցազրույցն ավարտում է այն խոսքերով, թե իրեն հրամայական է թվում գալիք խորհրդարանական ընտրություններին արդար քաղաքական մրցակցության անհրաժեշտությունը:

Շարմազանովը, հայտարարելով, որ իրենք միշտ արդյունավետ են համարել Ռոբերտ Քոչարյանի հետ ՀՀԿ-ի համագործակցությունը եւ ողջունելով ապագայի վերաբերյալ նախկին նախագահի դիտարկումները, շեշտեց. - «Քանի որ երկրորդ նախագահը եւս կարեւորում է միտումները դեպի ապագա, մենք ապագայում եւս վճռական ենք` լինելու համախմբված մեր նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ եւ մեր կուսակցության ծրագրերի իրականացման համար»:

Շարմազանովը չցանկացավ կարծիք հայտնել այն մասին, թե ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը որոշել Գագիկ Ծառուկյանի հայտարարություններից հետո, ԲՀԿ-ի համագումարին ընդառաջ նման պարզաբանումներով հանդես գալ:

ԲՀԿ առաջնորդի խոսնակ Խաչատուր Գալստյանն էլ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ «ամեն ինչ վաղուց ասված է», եւ այլ մեկնաբանությունների անհրաժեշտություն չի տեսնում:

Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների կարծիքով, գործող իշխանություններն ու Ռոբերտ Քոչարյանը այսպիսով բացահայտում են երկրում գերիշխող «արատավոր երեւույթները»:

«Հարցազրույցի բովանդակությունը մի շարք նկատառումներով ինձ համար բացարձակապես ընդունելի չէ, եւ շատ պարզ բացահայտում է իշխող արատավոր համակարգը, ինչպես նաեւ քաղաքականություն կառուցելու արատավոր սկզբունքները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը խորհուրդ տվեց նման հայտարարություններից չզարմանալ, քանի որ այս տարի նախընտրական տարի է: Ըստ նրա` ժամանակը շուտով ցույց կտա, թե ով որ դաշտում է եւ ով ինչ ճանապարհ է որդեգրել:

«Այս ամեն ինչի նպատակը ի վերջո ընտրություններում իրենց հնարավոր շանսերը մեծացնելն է», - ասաց Ռուստամյանը:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ կարծիք հայտնեց, թե «բռնապետության ներսում փոխհրաձգություն է սկսվել»:

«Քաղաքական-տնտեսական այս արատավոր համակարգը ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի համատեղ ջանքերով: Սերժ Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանը բերել է իշխանության` հենց այդ համակարգի շարունակականությունը ապահովելու նպատակով: Ըստ երեւույթին չեն արդարանում Քոչարյանի հույսերը, փոխհրաձգությունը հենց դրանով էլ բացատրվում է, որ փորձում են ընտրական պրոցեսներից առաջ իրենց դիրքերը հստակեցնել: Ինչ վերաբերում է [Քոչարյանի] հայտարարությանը, դա ուղղակի մոռացված քաղաքական գործչի ինքնահաստավելու խղճուկ փորձ է, որը ցույց է տալիս, որ այսօր ինքը իրականում գտնվում է բավականին թույլ քաղաքական դիրքերում», - ասաց Զուրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG