Մատչելիության հղումներ

Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է անցյալ տարվա հոկտեմբերին


Խաչատուր Սուքիասյան

Խաչատուր Սուքիասյան

«Սիլ գրուպ» կոնցեռնի հիմնադիր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի փաստաբան Արա Զաքարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը ընդունվել է դեռեւս 2010 թվականի հոկտեմբերի 19-ին:

«Հատուկ քննչական ծառայության քննիչներից Վահագ Հարությունյանը մեզ տեղեկացրեց, որ մեր պաշտպանյալի` Խաչատուր Սուքիասյանի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում է կայացվել: Այսօր ես եւ կոլեգաս` Արթուր Գրիգորյանը մեկնեցինք քննչական ծառայություն, եւ մեզ հանձվեց մի որոշում, որը թվագրված էր 2010 թվականի հոկտեմբերի 19-ով` համաձայն որի Խաչատուր Սուքիասյանի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցվել է` նրա մասնակցությունը հանցագործության կատարմանը ապացուցված չլինելու հիմքով», - ասաց Արա Զաքարյանը:

Զաքարյանը ասաց, որ իրենց որեւէ պատճառաբանություն չի տրվել, թե ինչո՞ւ են անցյալ տարվա հոկտեմբերի 19-ի որոշումը այսօր տվել պաշտպաններին:

Իրենց հետագա քայլերի վերաբերյալ Զաքարյանը ասաց հետեւյալը. - «Մենք որոշումը նոր ենք ստացել, պետք է ուսումնասիրենք այն, նաեւ խորհրդակցենք պարոն Սուքիասյանի հետ, հետո վերջնական արդեն որոշենք, թե ինչ գործողություններ ենք կատարելու կամ չկատարելու»:

Խաչատուր Սուքիասյանը քրեական հետապնդման էր ենթարկվում 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ եւ հետախուզման մեջ էր մինչեւ 2009 թվականի սեպտեմբերի 2-ը, երբ կամավոր ներկայացավ իրավապահներին, եւ նրան մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը»:

Հաշվի առնելով Սուքիասյանի` Հատուկ քննչական ծառայություն ինքնակամ ներկայանալու հանգամանքը` նախաքննական մարմինը սեպտեմբերի 4-ին փոխեց նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը եւ որպես խափանման միջոց ընտրեց ստորագրությունը` չհեռանալու մասին: Օրեր անց Խաչատուր Սուքիասյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից, իսկ սեպտեմբերի վերջին մեկնեց Հայաստանից` առողջական խնդիրների պատճառով:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի իրավական կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը անցյալ տարվա հոկտեմբերի 19-ով թվագրված որոշման մասին ավելի քան երեք ամիս անց պաշտպաններին տեղեկացնելը որակում է որպես Քրեական դատավարության օրենսգրքի խախտում:

«Որովհետեւ Քրեական դատավարության օրենսգրքով քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո 24 ժամվա ընթացքում որոշումը քննիչը պետք է ուղարկի դատախազին, դատախազը պետք է ստուգի կարճման օրինականությունը եւ անհապաղ պետք է տեղեկացվի մեղադրյալը, մեղադրյալի պաշտպանները, դատավարության բոլոր մասնակիցները, քանի որ Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է 263 հոդվածի կարգով` բողոքարկում այդ որոշումը», - ասաց նա:

Խաչատրյանը ենթադրում է, որ Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը կայացվել է օրերս, այլ ոչ թե անցյալ հոկտեմբերին: Ըստ նրա` դա հետին թվով թվագրված փաստաթուղթ է:

Արմեն Խաչատրյանի գնահատմամբ` ի սկզբանե ակնհայտ է եղել, որ քրեական հետապնդում չպետք է իրականացվեր, իսկ եթե իրականացվել է, ապա այն պետք է կարճվեր հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, քանի որ «Խաչատուր Սուքիասյանի որեւէ արարքում հանցակազմ չի եղել»:

Անդրադառնալով 2008 թվականի հետընտրական իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործերին` իրավաբանը հետեւյալ կարծիքը հայտնեց. - «Խաչատուր Սուքիասյանի գործը ցույց է տալիս, որ որեւէ այլ գործ մարտի 1-ի հետ կապված անհիմն է եղել եւ դրանց մեջ չի եղել իրավական որեւէ հիմք, որի հիման վրա կարելի էր կայացնել մեղադրան ակտ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG