Մատչելիության հղումներ

Հրանտ Դինքի սպանության գործով երկուշաթբի օրը Բեշիքթաշի շրջանային դատարանում կայացած հերթական լսումներն անսպասելի եւ անակնկալ զարգացում ստացան:

Ստամբուլի դատախազության ներկայացուցիչները դատական այս նիստի ընթացքում անսպասելիորեն հայտարարեցին, թե բավարարում են տուժող կողմի ներկայացուցիչների պահանջը` համաձայնելով մոտ երեք տասնյակ բարձրաստիճան պաշտոնաների ու սպաներին ներգրավել դատական պրոցեսում: Առաջիկա նիստերին այդ պաշտոնյաները կանչվելու են դատարան` հարցաքննության նպատակով:

Թուրքական լրատվամիջոցների տեղեկությամբ, դատարան կկանչվեն Ստամբուլի նախկին նահանգապետ Մուամեր Գյուլերը, ոստիկանության Ստամբուլի քաղաքային վարչության նախկին ղեկավար Ջելալեդդին Ջերահը, Տրաբզոնի ոստիկանության նախկին ղեկավար Ռեշատ Ալթայը, մի շարք այլ բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ, որոնք անմիջականորեն պատասխանատու էին Դինքի անվտանգության ապահովման համար:

Դինքի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Ֆեթհիյե Չեթինը դատական նիստի ավարտին լրագորղներին ասել է. - «Սա շատ լավ, իրոք դրական զարգացում է: Մենք հույս ունենք, որ դատարանի այս որոշումը արդյունավետ է լինելու»:

Չեթինը նաեւ կարծիք հայտնեց, որ Ստամբուլի դատախազությունն ու դատարանն այս քայլին դիմեցին նախեւառաջ եվրոպական կառույցների ճնշման արդյունքում: Նրա խոսքով, իրենց պահանջը բավարարելու գործում որոշակի դերակատարություն է ունեցել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, որով արձանագրվել էր, որ Թուրքիայի իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկել Հրանտ Դինքի անվտանգությունն ապահովելու համար:

«Մինչ օրս Թուրքիան վերջնականապես չի կատարել եվրոպական դատարանի այս վճիռը: Այսօր, երբ Թուրքիան է ստանձնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը, այս որոշման ի կատար ածումը յուրատեսակ քննություն է մեր երկրի համար», - նշել է Դինքի ընտանիքի շահերի պաշտպաններից Արզու Բերեջիքը:

Երեկվա նիստին փաստաբանները դատարանին են ներկայացրել վերջին մեկ տարվա ընթացքում Ստամբուլում լույս տեսած երկու գիրք, որոնք պատմում են Դինքի սպանության ոչ այնքան հայտնի մի շարք դրվագների մասին:

«Հետաքննող լրագրողներ Ադեմ Յավուզ Արսլանի եւ Նեդիմ Շեների` Դինքի սպանությանը նվիրված գրքերում մի շարք դրվագներ կան, որոնք մինչ օրս շրջանցվում էին թե' նախաքննական մարմինների եւ թե' դատարանի կողմից», - նշում են պաշտպանները:

Խոսքը, մասնավորապես, 2004-ին Դինքի հեղինակած մի հոդվածի մասին է, որում նա պնդում էր, թե Թուրքիայի հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը Հայոց ցեղասպանության հետեւանքով որբ մնացած հայազգի մի աղջկա էր որդեգրել, որը հետագայում դարձել էր Թուրքիայի առաջին կին օդաչուն` հռչակավոր Սաբիհա Գյոքչենը:

«Ակոս»-ում այս հոդվածի հրապարակումից հետո Դինքը հրավիրվել էր Ստամբուլի նահանգապետարան, որտեղ Ազգային հետախուզական ծառայության աշխատակիցները նրան զգուշացրել էին, որ այդ հրապարակումը կարող է լուրջ բացասական հետեւանքներ ունենալ:

Փաստաբանների կարծիքով, նման զրույցի փաստն ինքնին Դինքի ահաբեկման փորձ է եղել եւ առանձին հետաքննության կարիք ունի:

Դինքի սպանության գործով հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 28-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG