Մատչելիության հղումներ

Ոստիկանության շուրջ հարյուր աշխատակիցներ երեքշաբթի առավոտյան կանխեցին Շիրակի մարզի վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդների բողոքի ակցիան` երթը դեպի հայ-վրացական սահման:

Վարորդները, հիշեցնենք, պահանջում են վերանայել ավտոմեքենաների մաքսազերծման, իրենց ձեւակերպմամբ` «կամայական» գները, եւ չեղյալ համարել ժամանակավոր ներմուծման համար մուտքերի քանակի սահմանափակումները, որոնք ուժի մեջ են մտել փետրվարի 5-ից:

Առավոտյան ժամը 10-ին վարորդները հավաքվելու էին Գյումրիի կայարանամերձ հրապարակ եւ այստեղից երթով շարժվելու էին դեպի հայ-վրացական սահման: Սակայն վաղ առավոտյան հրապարակը շրջապատված էր շուրջ հարյուր ոստիկաններով:

«Մենք ծառայություն ենք իրականացնում, որպեսզի հասարակական կարգը չխանգարվի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց Գյումրիի ոստիկանապետ Հակոբ Բիչախչյանը:

Մինչդեռ, օրենսդրական փոփոխություններից դժգոհող վարորդները պատմեցին, որ առավոտյան ոստիկանները հրապարակ եկած վարորդներից մի քանիսի նկատմամբ բռնություն են կիրառել, իսկ մեքենաները տեղափոխել են ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:

Ի վերջո` վարորդները հավաքվեցին Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում: Այս անգամ էլ ոստիկանները շրջապատեցին ժուռնալիստների ակումբը` պատրաստվելով արձագանքել վարորդների հետագա քայլերին:

Վարորդները, սակայն, հայտարարեցին, որ չեն հանձնվելու ու պայքարելու են իրենց իրավունքների համար եւ պատրաստվում են երկու օր անց կրկին բողոքի ակցիա իրականացնել:

Վարորդները բողոքի ակցիաներ են կազմակերպում փետրվարի 5-ից: Երկուշաբթի օրը նրանք նախ փակել էին Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցը, ապա մեկ ժամ հետո` Երեւան - Գյումրի մայրուղին:

Նախօրեին վարորդները նաեւ բաց նամակ էին հղել ՀՀ նախագահին, կառավարությանը, իշխանություններին ու պատգամավորներին` պահանջելով վերանայել բողոքի պատճառ դարձած օրենքը:

Ոստիկանները խափանեցին շիրակցի վարորդների բողոքի ակցիան

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG