Մատչելիության հղումներ

ԵՄ – Հայաստան վիզային ռեժիմի պարզեցման բանակցությունները շարունակվում են


Եվրամիության եւ Հայաստանի միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի մեղմացման շուրջ բանակցությունների գործընթացը դանդաղում է:

Եվրամիության գործադիր մարմինը` Եվրահանձնաժողովը դեռ անցած ամիս նախատեսում էր ստանալ Հայաստանի հետ վիզային ռեժիմի պարզեցման վերաբերյալ բանակցություններ սկսելու մանդատը, սակայն դա տեղի չունեցավ` Բրյուսելի պատճառով:

«Մանդատը չենք ստացել, եւ եվրոպական իմ գործընկերները երեկ ինձ բացատրեցին, որ ուշացումը կապված էր եվրոպական կառույցների վերափոխման հետ: Այնտեղ նոր արտաքին քաղաքականության ծառայություն ստեղծվեց, Բրյուսելում մեծ փոփոխություններ ընթացան, եւ գործընթացը մի թեթեւ դանդաղեց», - երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահեցրեց Հայաստանի փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը:

Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակում արդեն կայացել է Հայաստան - Եվրամիություն ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների երկու լիագումար նիստ: Ի թիվս այլ հարցերի, օրակարգում է նաեւ վիզային ռեժիմի պարզեցումը:

Սա առաջին հերթին նշանակում է արտոնագրի համար վճարվող գումարի նվազեցում 60-ից` 35 եվրո: Երկրորդ` դա ենթադրում է, որ կիրառվելու է քաղաքացիների դասակարգում մի քանի խմբերի` դիվանագետների, հաճախ ճանապարհորդողների, Եվրոպայի հետ կապեր ունեցող երիտասարդական եւ մարզական կազմակերպությունների ներկայացուցիչների:

Կարինե Ղազինյանի գնահատմամբ, վիզային ռեժիմի պարզեցման շուրջ բանակցությունները հնարավոր կլինի ավարտել մինչեւ տարեվերջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG