Մատչելիության հղումներ

Հանրահավաքները կանոնակարգող օրենսդրական փաթեթում «փոքրիկ շտկումներ են մտցվել»


Արդարադատության նախարար Հրայր Թովմասյան

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյան

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ երեքշաբթի օրը կայացած զրույցում տեղեկացրեց, որ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի փոփոխությունների եւ դրանց հետ կապված իրավապահ մարմինների գործունեությունը կանոնակարգող օրենքների նախագծերը արդեն քննարկել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) եւ նախագահի աշխատակազմի հետ:

«Եղել են առաջարկություններ, քննարկումներ ընթացել են, որոշակի փոքրիկ շտկումներ են մտցվել, եւ մյուս գործընթացների շարունակությունը արդեն Ազգային ժողովում [կլինի]», - ասաց Հրայր Թովմասյանը:

Կառավարության փետրվարի 3-ի նիստում ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը քննադատել էր Արդադատության նախարարը ներկայացրած օրենդրական փոփոխությունները, որոնք, նախարարի խոսքով, արժանացել էին եվրոպական կառույցների հավանությանը: Գորիկ Հակոբյանը տարակուսանք էր հայտնել, թե ինչո՞ւ պիտի եվրոպացի փորձագետները հուշեն արտակարգ իրավիճակներում ԱԱԾ աշխատակիցների գործողությունները: Նախարարը հիշեցրել էր ՀՀ Սահանադրության պահանջները, տեղի էր ունեցել բանավեճ:

«Օրենքի նախագծում որոշակի պարզաբանող կամ այնպիսի դրույթներ են մտցվել, որ նման մտահոգություն, որ արտահայտեց Գորիկ Հակոբյանը, ընդհանրապես չի լինի», - այս առթիվ ասաց նախարարը, եւ անդրադառնալով իր ու Գորիկ Հակոբյանի հարաբարերություններին` ասաց, թե դրանք «շատ ջերմ են»:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Երեւանի քաղաքապետարանի որոշումը, որով ընդդիմությանը հերթական անգամ արգելվել է փետրվարի 11-ին եւ 18-ին հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում եւ առաջարկել Մատենադարանին հարակից տարածքը, նախարարը պատասխանեց. - «Իմ կարծիքով չի մերժել»:

Հրայր Թովմասյանը անցյալ ամիս հայտարարել էր, թե նշանակել է ծառայողական քննություն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած իրավախախտումների վերաբերյալ:

Նախարարը ծառայողական քննության կեսին ասել էր, թե Նիկոլ Փաշինյանը նամակներ չի հանձնել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկին: Նիկոլ Փաշինյանի կինը, սակայն, այսօր էլ պնդեց, որ նախարարի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը շարունակել է նամակներ հանձնել վարչակազմին: Դրանցից մեկը հասցեագրված է եղել Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին, եւ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմը կրկին հրաժարվել է փոխանցել Փաշինյանի նամակները:

Փաշինյանի հետ կապված խնդիրների առնչությամբ Հրայր Թովմասյանը հայտարարեց. - «Ինձ համար գոյություն ունեն 5100 դատապարտյալներ, որոնց բոլորի խնդիրները իմ խնդիրներն են: Այսինքն ցանկացած իրավունքնի խախտումով ես` որպես այդ ոլորտի քաղաքականություն մշակող եւ պատասխանատու անձ պարտավոր եմ զբաղվելու: Իսկ այդպիսի դեպքեր, որտեղ 5000 դատապարտյալներ են, միշտ էլ հնարավոր են: Դրսում են այդպիսի բաներ լինում` ինչ-որ մարդկանց իրավունքների խախտումներ»:

Նախարարը նաեւ ասաց, թե շարունակում է այցելել քրեակատարողական հիմնարկներ` խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով: Հիշեցնենք, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում «սուտ մատնության» մեղադրանքով ազատազրկված Սարգիս Հացպանյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմել էր հունվարի 26-ին նախարարի այցելության ժամանակ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Հայկ Հարությունյանի հետ կապված միջադեպի մասին, երբ, Հացպանյանի պնդմամբ, Հարությունյանը կոպիտ կերպով միջամտել էր իր եւ նախարարի զրույցին եւ գոռացել Հացպանյանի վրա:

«Հայկ Հարությունյանը իմ կողքին է եղել եւ չի խոչընդոտել, ոչ մի նման խոչընդոտ չի եղել: Հայկ Հարությունյանը պարզապես մասնակցել է այդ ամբողջ զրույցին», - ասաց Թովմասյանը:

Նախարարը խոսեց նաեւ Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի` հունվարին Հայաստան կատարած այցի մասին: Համարբերգը իր այցի վերջում հայտարարել էր, թե Հայաստանում կա անպատժելիության խնդիր մարտի 1-ի սպանությունները չբացահայտելու առումով: Նա նաեւ Հայաստանի իշխանություններին կոչ էր արել ազատ արձակել բանտերում գտնվող ընդդիմադիրին:

Հարցին, թե ի՞նչ կփոխվի Հայաստանում Թոմաս Համարբերգի այցելությունից հետո եւ ինչ ժամկետներում, նախարարը կատակեց. - «Եղանակը կտաքանա», - եւ ավելացրեց. - «Քաղաքական իրավունքների առումով պարոն Համարբերգը չէ, որ պիտի գա ու դրանից հետո ինչ որ բան փոխվի: Խնդրում եմ եւ հորդորում եմ լրագրողներին չակնկալել, որ պիտի գան մարդիկ, եւ դրանից հետո մեր երկրում ինչ-որ [փոփոխություններ լինեն]:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG