Մատչելիության հղումներ

logo-print

Խորհրդարանական երկրորդ պալատը բնորոշ է արդիական քաղաքական համակարգերին


ՀՀ Ազգային ժողով

ՀՀ Ազգային ժողով

Սփյուռքահայ ընտրյալների մասնակցությամբ Հայաստանում խորհրդարանական երկրորդ պալատ ստեղծելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ողջունելի է։ Լինելով առաջիններից մեկը, ով բարձրաձայնեց ՀՀ քաղաքական համակարգի արդիականացման անհրաժեշտության մասին, ինձ թվում է՝ տեղին է եւս մեկ անգամ հիշեցնել երկպալատ խորհրդարանական համակարգի առավելությունների եւ նպատակների մասին։

Արդի շատ պետություններ հիմնված են երկպալատ խորհրդարանական համակարգի վրա եւ Հայ ազգային կոնգրեսի ղեկավարներից Արամ Մանուկյանը սխալվում է՝ հայտարարելով, թե` «միայն դաշնային պետությունները, համադաշնություններն ու բազմազգ երկրներն ունեն երկպալատ պառլամենտներ»։ Ինչքանով, որ ես տեղյակ եմ, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան եւ Մեծ Բրիտանիան, որոնք ոչ թե ֆեդերալ, այլ ունիտար պետություններ են, հիմնված են երկպալատ օրենսդրական համակարգի վրա։

Կառուցվածքային բարեփոխման նախագահական առաջարկությունը պետք է առաջին հերթին կարեւորի Հայաստանի մարզերը։ Անհրաժեշտ է, որ Սենատը կազմվի մարզերից ընտրված սենատորներից, այլ ոչ թե զուտ սփյուռքահայ համայնքները նրանում ներկայացված լինեն։ Ի վերջո, ինչո՞ւ ստեղծել երկրորդ պալատ։ Դրա համար կա երեք հիմնական պատճառ.
  1. Ավելի շատ կայունություն. երկրորդ պալատը ուժեղացնում է երկրի ներքին կայունությունը եւ նպաստում պետություն-հասարակություն կապի, ինչպես նաեւ սոցիալական դաշինքի ամրապնդմանը, ինչը կարող էլ ավելի արդյունավետ դարձնել քաղաքացիության եւ քաղաքացիական պարտքի զգացումը։ Ինչպես նաեւ, հանրապետական կառույցների համախմբման համար անհրաժեշտ է իշխանությունը բաշխել համակարգային տարբեր մարմինների միջեւ՝ այդպիսով բարելավելով տարբեր իշխանական թեւերի միջեւ հավասարակշռությունը՝ ողջ իշխանությունը մեկ անհատի (հանրապետության նախագահ) եւ իշխանության մեկ ճյուղի (գործադիր իշխանություն) ձեռքում կենտրոնացնելու փոխարեն։ Եվ եթե 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանը երկրորդ պալատ ունենար, համակարգային բոլոր կառույցները չէին տուժի եւ կառավարությունը կշարունակեր գործել։ Ապագա կառուցվածքային բարեփոխման նպատակներից մեկն էլ սոցիալական դժգոհության, մարդկային կյանքեր եւ նյութական կորուստներ տվող, արտաքին աշխարհում Հայաստանն արժեզրկող բողոքի ակցիաների նվազեցումն է լինելու։
  2. Ավելի շատ ժողովրդավարություն. երկպալատ պառլամենտական համակարգը ժողովրդավարության լրացուցիչ երաշխիք է եւ ուժեղացնում է խորհրդարանի դերը։ Ուրեմն կեցցե՛ երկպալատ պառլամենտը. օրենսդրական նախաձեռնությունները մեկ պալատից մյուսին անցնելով (Ազգային ժողովի ձայնի որոշիչ առավելությամբ) ավելի կատարյալ են դառնում, իսկ իշխանությունների տարանջատման սկզբունքն ավելի է ընդգծվում։ Հատկապես հիմա, երբ Հայաստանը միասնականության ճգնաժամ է ապրում, Սենատի ստեղծումը մեկ կառույցի շուրջ ազգային համախմբման խնդրի լուծումներից մեկը կարող է դառնալ, քանի որ օրենսդրական իշխանության ուժեղացման այս եղանակը երաշխավորում է քաղաքական կուսակցությունների լավագույն ներկայացվածություն՝ ավելի մեծացնելով նրանց դերը եւ համատեղ աշխատանքի հնարավորություն տալով նորացված դաշինքի շրջանակներում։ Դա թույլ կտա նաեւ ազատվել խորհրդային կառուցվածքային ժառանգությունից եւ կոմունիստական օրենսդրական մոդելից՝ խորհրդանշելով հետ-խորհրդային անցման փուլի ավարտը։
  3. Ավելի շատ պրոֆեսիոնալիզմ. սենատը դարձնելով մարզերի եւ սփյուռքիներկայացուցիչների պալատ՝ հայկական իշխանությունները տեղական ինքնակառավարման թափանցիկության եւ կենտրոնի ու ծայրամասերի միջեւ իշխանության կազմակերպման ճկունության հաստատման կամք են դրսեւորում։ Նոր կառուցվածքային փոփոխությունները, գործադիր-օրենսդիր ճյուղերի միջեւ հավասարակշռություն պահպանելով, իշխանական կառույցների գործունեության թափանցիկություն են ստեղծում՝ նպաստելով կոռուպցիայի դեմ պայքարին։ Եվ վերջապես, համընդհանուր ընտրական համակարգով եւ մանդատների չհամադրման սկզբունքով ձեւավորված նոր կառույցների ստեղծման արդյունքում ՀՀ քաղաքական դասը կհամալրվի նոր կադրերով։ Վերջին հանգամանքը հույժ կարեւոր է հասարակական-քաղաքական առումով, քանի որ, ինչպես հայտնի է, հայ հասարակությունը շատ քաղաքականացված է։
Այս ամենը արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե սենատորներն ընտրվեն 5 տարի ժամկետով, համընդհանուր ընտրական իրավունքով եւ 1% ընտրական շեմով: Սոցիալական դժգոհությունը հաշվի առնելու եւ չարաշահումներից խուսափելու համար Սենատի կազմը պետք է թարմացվի 2,5 տարին մեկ։

Ուրեմն ինչպե՞ս վարվել։ Նախ եւ առաջ, օգտակար կլիներ հանրային
քննարկումներ կազմակերպել՝ ցանկացած մարդու հնարավորություն տալով ամբողջությամբ ըմբռնել նոր բարեփոխման իմաստը, ապա կազմակերպել գիտական խորհրդաժողով, ուր կքննարկվեն բարեփոխման մարտահրավերները, քանի որ համակարգային փոփոխությունները ենթադրում են նաեւ Սահմանադրության փոփոխություն։ Իսկ իշխանությունները պատրա՞ստ են արդյոք սահմանադրական հանրաքվեի անցկացմանը մինչեւ հաջորդ խորհրդարանական կամ նախագահական ընտրություններ։

Որո՞նք են նման բարեփոխման ռիսկերը։ Հնարավոր պատերազմից եւ քաղաքական լարվածությունից բացի, Սփյուռքի մասնակցությամբ համակարգային այս փոփոխության առջեւ կծառանան բազմաթիվ մարտահրավերներ.
  • սփյուռքահայ ընտրողները պարտավո՞ր են արդյոք լինել նաեւ ՀՀ քաղաքացիներ, եւ նրանցից մոտավորապես քանի՞սն ունեն հայկական անձնագրեր (հստակ է, որ նրանք թիվը մեծ չէ)։
  • այդ դեպքում հայկական Սփյուռք ունեցող բոլոր պետություններն արդյոք ընդունո՞ւմ են երկքաղաքացիություն,
  • զինվորական ծառայության վերաբերյալ ի՞նչ օրենքներ կան այդ պետություններում, պետք է խուսափել նաեւ Սփյուռքը պառակտելուց:
  • իսկ ինչ վերաբերում է երկրի անվտանգությանը… ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Սփյուռքի (հատկապես ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համայնքների) ակտիվ մասնակցությունը ՀՀ քաղաքական կյանքին:
Այս բոլոր հարցերը պատասխաններ ունեն, եւ եկել է դրանց քննարկման ժամանակը։

Եկեք օգտվենք, վերջապես, այս կառուցվածքային բարեփոխումից ու հնարավոր հանրաքվեից եւ սահմանադրական հիմքերի վրա դնենք արդեն երեք տարի գործող Հանրային խորհուրդը՝ նրան տալով Պետական խորհրդի կարգավիճակ. մի մարմին, որ, ֆրանսիական օրինակով, կտարբերվի Սահմանադրական խորհրդից։

Ազգային ժողովի (ստորին պալատ) եւ Սենատի (վերին պալատ) համատեղ գոյակցությունը՝ ԱԺ գերակայությամբ, միայն առավելություններ կարող է ընձեռել՝ ճանապարհ բացելով դեպի կայուն, ժողովրդավար եւ արդի նոր Հայաստան։


Կայծ Մինասյան
Քաղաքական գիտությունների թեկնածու, Փարիզի Քաղաքական գիտությունների դպրոցի դասախոս

ֆրանսերենից թարգմանեց
Լիլիթ Վարդանյանը

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG