Մատչելիության հղումներ

Միջազգային ճգնաժամային խումբը Ղարաբաղյան գործընթացի վատթարացում է արձանագրում


Միջազգային ճգնաժամային խմբի լոգոն

Միջազգային ճգնաժամային խմբի լոգոն

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը 2010 թվականին զգալիորեն վատթարացել է, արձանագրել է Միջազգային ճգնաժամային խումբը Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ իր հերթական զեկույցում, որը հրապարակվելու է երեքշաբթի երեկոյան:

«Մենք չենք կարծում, որ պատերազմը անխուսափելի է, կամ, ասենք, պատերազմը վաղը կսկսվի: Մենք դա չենք ասում մեր զեկույցում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց Միջազգային ճգնաժամային խմբի կովկասյան տարածաշրջանի տնօրեն Լորենս Շիթսը: - «Մենք խնդիր չենք դնում տոկոսային հարաբերակցությամբ ասել, թե կլինի՞ արդյոք պատերազմ: Մենք խոսում ենք [հակամարտության] վտանգավորության մասին, որովհետեւ ահա արդեն 17 տարի է անցել զինադադարի կնքումից հետո»:

«Այս տարի զգալիորեն վատթարացել է բանակցային գործընթացը, եւ գաղտնիք չէ, որ երկու կողմերն էլ ավելի շատ են ծախսում արտերկրում զենք-զինամթերքի տարբեր տեսակների գնման վրա: 2010 թվականի ընթացքում արվել են բավականին շատ կտրուկ հայտարարություններ, արվել են սադրիչ բազմաթիվ քայլեր: Հնարավոր է, որ [2010 թվականի ընթացքում] շփման գծում ավելի հաճախակի չեն դարձել բախումները, սակայն աճել է դրանց լրջությունը: Զեկույցում ահա այս բոլորը վերլուծվել են», - նշեց Լորենս Շիթսը` հավելելով. - «Այսինքն, մենք խնդիր չենք դրել տալ պատերազմի վերսկսման հավանականության տոկոսային հարաբերակցությունը: Մենք ուղղակի ցանկանում ենք հիշեցնել մարդկանց, ովքեր ազդեցություն ունեն արտաքին քաղաքականության վրա, որ այդ խնդիրը մնում է եւ այն կարող է ինչ-որ մի պահի վերածվել լայնամասշտաբ պատերազմի` առանց, ասենք, միջազգային հանրության կողմից որոշակի ճնշման կամ աշխատանքի»:

Նրա փոխանցմամբ` ցեկույցում վերլուծվում է հակամարտության ընթացքը տարբեր ասպեկտներից. - «Զեկույցում անդրադարձ կա 2010 թվականի ընթացքում բանակցային գործընթացի վատթարացմանը, որը, մեր եւ զեկույցի պատրաստման աշխատանքներում որպես խորհրդատու ներգրավված անձանց կարծիքով, այս պահին չի բարելավվում: Վերլուծվում են փաստացի փակուղային վիճակում հայտնված բանակցությունները, կողմերի միջեւ առկա ռազմական հավասարակշռությունը` ինչպիսի զենք-զինտեխնիկա է ձեռք բերվում Հայաստանի ու Ադրբեջանի կողմից: Զեկույցում վերլուծվում է նաեւ, թե նոր պատերազմի դեպքում ինչպիսի ձեւ կընդունեն ռազմական գործողությունները: Անդրադարձ կա նաեւ տարածաշրջանային ասպեկտներին, ասենք` ռազմական գործողությունների վերսկսման պարագայում երկրները, որոնք [Հայաստանի ու Ադրբեջանի] հարեւաններ են կամ դաշնակիցներ, ինչպես կարող են ներգրավվել պատերազմում»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG