Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Որոշ քաղաքական գործիչների հիշողությունը չափազանց կարճ է»


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Հայաստանի երկրորդ նախագահը «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում հրամայական է համարել գալիք խորհրդարանական ընտրություններին արդար քաղաքական մրցակցության անհրաժեշտությունը:

Հարցազրույցում անդրադառնալով վերջերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարության շուրջ ծավալված բանավեճին, թե Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու տարիներին Քոչարյանը կարող էր կա'մ սեփական կուսակցություն ստեղծել, կա'մ էլ գլխավորել Հանրապետական կուսակցությունը, սակայն չի կամեցել, նախկին նախագահը ասել է. - «Ծավալված բանավեճի բնույթը ցույց տվեց, որ որոշ քաղաքական գործիչների հիշողությունը, ցավոք, չափազանց կարճ է»:

«Կարծում եմ, քչերն էին այն ժամանակ կասկածում, որ ես որպես նախագահ ունակ եմ ոչ միայն ձեւավորել, այլեւ գլխավորել (ֆորմալ եւ ոչ ֆորմալ ձեւով) խորհրդարանական մեծամասնությունը: Պարզապես, ես ընտրել եմ խորհրդարանի եւ կուսակցությունների հետ փոխգործակցության այլ մոդել, որն այն ժամանակ առավել արդյունավետ էր եւ հնարավորություն էր տալիս նախագահին ամբողջովին կենտրոնանալ պետական գործունեության վրա եւ միաժամանակ մանեւրելու լայն դաշտ պահպանել ներքաղաքական գործերում», - հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:

Ընդգծելով, որ սահմանադրական փոփոխություններից հետո էլ որոշել է չփոխել քաղաքական գործընթացում իր մասնակցության ձեւաչափը, սակայն ավելի մեծ ուշադրություն է սկսել դարձնել կոալիցիոն կուսակցությունների, հատկապես` Հանրապետական կուսակցության ներքին իրադրությանը, նախկին նախագահը հավելել է. - «Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, իսկ այնուհետ` վարչապետ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածության համաձայն, գործադիր մարմինների բազմաթիվ հաջողակ ղեկավարների ես խորհուրդ եմ տվել անդամակցել ՀՀԿ-ին` ամրապնդելու համար վերջինիս կադրային ներուժը: Ի դեպ, նրանցից շատերն այսօր կուսակցության ղեկավար մարմիններում են»:

«2003 եւ 2007 թվականներին ինձ հետ անուն առ անուն համաձայնեցվել է ՀՀԿ նախընտրական ցուցակը: Եվ դա նախագահի եւ խորհրդարանում ամենամեծ խմբակցությունն ունեցող կուսակցության միջեւ համագործակցության բարձր մակարդակի ցուցանիշ էր: Այն թույլ էր տալիս ինձ ղեկավարել երկիրը` չմտածելով կուսակցական առաջնորդության մասին», - հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը, վստահեցնելով, որ «այդ համագործակցությունը դարձավ երկրի` այն տարիներին արձանագրված սոցիալ-տնտեսական զարգացման լուրջ հաջողության գրավականը:

«Սակայն, այս ամենն արդեն պատմություն է, եւ կարեւոր չէ, թե ով ինչ կարող էր անել եւ չարեց, կամ հակառակը: Ինձ հրամայական է թվում գալիք խորհրդարանական ընտրություններին արդար քաղաքական մրցակցության անհրաժեշտությունը», - իր հարցազրույցը եզրափակել է Հայաստանի երկրորդ նախագահը:

Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի պնդումներին, հիշեցրեց, որ թե' 1998, թե' 2003 թվականների նախագահական ընտրություններում Հանրապետականն է եղել Ռոբերտ Քոչարյանին սատարող հիմնական ուժը:

«Մենք միշտ արդյունավետ ենք համարել ՀՀԿ-ի եւ երկրորդ նախագահի շուրջ տասնամյա համագործակցությունը, ավելին` թե' 1998-ի, թե' 2003-ի ընտրություններում Հանրապետականը հիմնական սատարող ուժն է եղել երկրորդ նախագահի: Բայց ինչպես նախկինում, հիմա եւս, եւ հաստատ` ապագայում էլ, ՀՀԿ-ն համախմբված է լինելու իր կուսակցության գաղափարախոսության եւ ղեկավար Սերժ Սարգսյանի շուրջ», - հայտարարեց ՀՀԿ-ի խոսնակը` հավելելով. - «Եվ քանի որ երկրորդ նախագահը եւս կարեւորում է միտումները դեպի ապագա, մեր ներկան ու ապագան մենք կապում ենք մեր կուսակցության ծրագրերի իրականացման հետ` միայն ու միայն Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ»:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչատուր Գալստյանն էլ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ «ամեն ինչ վաղուց ասված է», եւ այլ մեկնաբանությունների անհրաժեշտություն չի տեսնում:
XS
SM
MD
LG