Մատչելիության հղումներ

Երկուշաբթի օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կարճեց Մարիամ Սուխուդյանի հայցն ընդդեմ ՀՀ Ոստիկանության:

Մարիամ Սուխուդյանը հայց էր ներկայացրել դատարան, որով պնդում է, որ Հայաստանի ոստիկանությունը` ի դեմս ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության արդեն նախկին պետ Սայաթ Շիրինյանի, խախտել է իր անմեղության կանխավարկածը: Որպես պատճառված բարոյական վնասի փոխհատուցում Սուխուդյանը պահանջում էր 1 մլն դրամ:

«Դատարանը գտնում է, որ ըստ հայցի`1 մլն ՀՀ դրամ` որպես բարոյական վնասի հատուցում` պահանջելու մասին, սույն քաղաքացիական գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի109 հոդվածի 1-ին կետի կարգով ենթակա է կարճման, քանի որ ՀՀ Քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը բարոյական վնասի հատուցումը որպես պատասխանատվության տեսակ չի նախատեսում, որպիսի հիմքով վեճը ենթակա չէ դատարանում քննության», - ասված է դատավճռում:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո եւ կարող է բողոքարկվել միայն վերաքննության կարգով:

Հայցվոր կողմը դեռ նախորդ դատական նիստին ակնկալում էր, որ այսօր հայցը կմերժվի, քանի որ բարոյական վնասի փոխհատուցում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ, սակայն կողմի հիմնական նպատակը ներպետական ատյանները սպառելն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելն էր:

Այսօր, փաստորեն, հայցը ոչ թե մերժվեց, այլ կարճվեց: Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կարո՞ղ է վարույթի կարճումը որեւէ կերպ խոչընդոտել Եվրոպական դատարան դիմելուն, Մարիամ Սուխուդյանի շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը խոստացավ կայացված վճռի վերաբերյալ մեկնաբանություններ տալ ավելի ուշ:

Հայցվոր կողմի պնդմամբ Նուբարաշենի հատուկ դպրոցի շուրջ բարձրացված աղմուկի ժամանակ, երբ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ հարուցված քրեական գործը գտնվում էր դեռեւս նախաքննության փուլում, ՀՀ ոստիկանապետը, 2009թ-ի օգոստոսի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Սուխուդյանը զրպարտել է անմեղ մարդկանց եւ անչափահասներին դրդել պատժելի արարքների»:

Սուխուդյանի անմեղության կանխավարկածը, ըստ հայցվոր կողմի, խախտել է նաեւ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Սայաթ Շիրինյանը. «Տարեգիր» էլեկտրոնային պարբերականի լրագրող Թագուհի Հակոբյանին տված հարցազրույցում գործածելով «հանցագործ» բառը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG