Մատչելիության հղումներ

Երկուշաբթի օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասամբ բավարարեց Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Լեւոն Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի կողմից իրենց պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ հարուցված հայցը:

Դատարանը որոշեց, որ թերթի 2010-ի հոկտեմբերի 14-ի համարում լույս տեսած «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հոդվածում հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Հոդվածում ասվում էր, թե Ռուսաստանի իրավապահները կազմել եւ Մոսկվայում գործող «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ քննարկել են իրենց քննած քրեական գործերում շրջանառվող հայաստանյան պաշտոնյաների ու պատգամավորների մի ցուցակ, որում նշված են եղել նաեւ վերոհիշյալ երեք պատգամավորների անունները: Պատգամավորները պահանջում էին հերքել հրապարակումը:

Դատարանը պարտավորեցրեց «Հայկական ժամանակ»-ին` դատավճիռը ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հերքում տպագրել:

Որպես իրենց պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցում Սամվել Ալեքսանյանը, Լեւոն Սարգսյանը եւ Ռուբեն Հայրապետյանը, ովքեր նաեւ հայտնի գործարարներ են, թերթից պահանջում էին իրենցից յուրաքանչյուրին վճարել 2-ական միլիոն դրամ: Նրանք նաեւ 500-հազարական դրամ են պահանջում դատական ծախսերի փոխհատուցման համար:

Այսինքն 3 պատգամավորները ընդհանուր առմամբ «Հայկական ժամանակ»-ից 7.5 միլիոն դրամ են պահանջում: Դատարանը մասամբ բավարարեց այս պահանջը` «Հայկական ժամանակ»-ի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ին պարտավորեցնելով պատգամավորներից յուրաքանչյուրին վճարել 2 միլիոն 44 հազար դրամ:

Սա վերջին մեկ տարվա ընթացքում «Հայկական Ժամանակ»-ի դեմ երկրորդ դատական հայցն է: Անցած տարի «պատիվը եւ արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման եւ վնասի հատուցման» պահանջով դատարան էր դիմել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` իրեն հասցված վնասը գնահատելով 16 միլիոն դրամից ավելի: Դատարանը հայցադիմումը բավարարել էր մասամբ, եւ «Հայկական ժամանակ»-ը ստիպված եղավ վճարել մոտ 3.5 միլիոն դրամ:

«Ինչպես նախկին բոլոր դատական գործերը մեր թերթի դեմ, ինչպես մյուս բոլոր խոչընդոտները մեր աշխատանքներին, ես համարում եմ մեկ կենտրոնից ղեկավարվող գործողությունների շղթայի մի մասը, որոնք միտված են ճնշել «Հայկական ժամանակ»-ը եւ վնասել թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում ներկայումս մենախցում պահվող Նիկոլ Փաշինյանին», - նախքան դատարանի վճռի հրապարակումը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել էր թերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրեն Աննա Հակոբյանը` մասնավորեցնելով, որ «մեկ կենտրոն» ասելով նկատի ուներ «Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը»:

Վերջին շրջանում հաճախակի են դարձել լրատվամիջոցների դեմ դատական հայցերը: Հայցվորները գործող ու նախկին պաշտոնյաներ են: Մի քանի լրատվամիջոցների ղեկավարներ հայտարարել են, որ նման հայցերը լրագրողներին լռեցնելու նոր մեթոդ են:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG