Մատչելիության հղումներ

Կիրակի Բաքու է ժամանաել այդ երկրում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան:

Նա ասել է, որ Միացյալ Նահանգները հույս ունի Ադրբեջանի հետ հարաբերությունները խորացնել եւ ամրապնդել:

«Ցավում եմ, որ իմ նշանակումն այսքան ձգձգվեց, սակայն ինչպես ասում են` լավ է ուշ քան երբեք», - ասել է Բրայզան:

Մեթյու Բրայզան նշել է նաեւ, որ իր համար մեծ պատիվ է Բաքու վերադառնալ որպես ԱՄՆ-ի դեսպան:

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը թափուր էր 2009 թվականի հուլիսից: Անցյալ տարվա մայիսին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այդ պաշտոնում առաջարկեց փոխպետքարտուղարի տեղակալ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի թեկնածությունը:

Այս որոշումը հարուցեց հայկական շրջանակների դժգոհությունը: Ամերիկահայ լոբբիստական կազմակերպություններին, մասնավորապես, մտահոգում են Բրայզայի կապերը Ադրբեջանի իշխանությունների հետ, նրա նախկին գործունեությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում, նրանք գտնում են, որ Բրայզան չի կարող անկողմնակալ եւ չեզոք դիրքորոշում ունենալ տարածաշրջանային խնդիրների, այդ թվում` Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ:

Չնայած հայամետ սենատորներ Բարբարա Բոքսերը եւ Ռոբերտ Մենենդեսը, օգտվելով իրենց իրավունքից` արգելափակել էին դեսպանի հաստատման գործընթացը, նախագահ Օբաման անցած դեկտեմբերին Մեթյու Բրայզային նշանակեց Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան` շրջանցելով Սենատի հաստատումը: Այդպիսի հնարավորություն ԱՄՆ-ի նախագահին տալիս է Սահմանադրությունը, որի համաձայն` երբ Սենատն արձակուրդում է, նախագահը իրավունք ունի ուղղակի նշանակումներ անել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG