Մատչելիության հղումներ

Մելքոնյանին ծեծի ենթարկելու գործով որեւէ անձի մեղադրանք չի առաջադրվել


Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը հայտնել են, որ հունվարի 23-ի երեկոյան Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի օգնական Էդուարդ Մելքոնյանին ԳՈւՄ-ի շուկայում (որը, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում է մայրաքաղաքի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին) ծեծի ենթարկելու փաստի առիթով որեւէ անձի մեղադրանք չի առաջադրվել, ձերբակալվածներ առայժմ չկան:

Միջադեպը, հիշեցնենք, տեղի էր ունեցել Մելքոնյանի եւ ԳՈւՄ-ի շուկայի անվտանգության աշխատակիցների միջեւ: Արթուր Բաղդասարյանի օգնականը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց եւ ոստիկանության Կենտրոնի բաժին հաղորդում ներկայացրել իրեն ծեծի ենթարկելու մասին: Հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 258 հոդվածի հատկանիշներով` «խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով»:

Կենտրոնի ոստիկանության բաժնի պետ Աշոտ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ մեղադրանք առաջադրելու համար սպասում են դատաբժշկական փորձաքննության արդյունքներին: Բայց, ըստ նրա, նյութեր են նախապատրաստվում ինչպես շուկայի անվտանգության 5 աշխատակիցների, այնպես էլ Էդուարդ Մելքոնյանի վերաբերյալ:

Կարապետյանը նշեց, որ միջադեպի ժամանակ Էդուարդ Մելքոնյանը խմիչքի ազդեցության տակ է եղել եւ այնպիսի վարք է ցուցաբերել, որ շուկայի անվտանգության տեսուչները պարտավոր են եղել միջամտել ու նախազգուշացնել. - «Սակայն մի քիչ այլ ձեւով է նախազգուշացրել` ոչ իր գործառութային պարտականությունների շրջանակներում, կոպիտ է նախազգուշացրել: Հետեւանքն էլ ստացվել է քրեական գործ, որտեղ կա հանցակազմ»:

Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Գայանե Գասպարյանը այս կապակցությամբ այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հակադարձեց. - «Պաշտոնապես ասեմ, որ Էդուարդ Մելքոնյանը այդ օրը ալկոհոլի ազդեցության տակ չի եղել»:

Կենտրոնի ոստիկանապետը, մինչդեռ, հերքեց նաեւ Գագիկ Բեգլարյանի առնչությունը այս միջադեպին` հավաստիացնելով, թե Բեգլարյանը որեւէ կերպ չի միջամտում նախաքննության ընթացքին:

«Նախաքննության տվյալներով [Գագիկ Բեգլարյանի] անունը բացարձակապես չի հնչել», - հայտարարեց Կարապետյանը:


Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG