Մատչելիության հղումներ

Եգիպտոսի ընդդիմադիրները կառավարության առաջարկները «ոչ համոզիչ» են համարում


Ղպտի քրիստոնյաները մասնակցում են Կահիրեի Թահրիր հրապարակում հակակառավարական ցույցերին

Ղպտի քրիստոնյաները մասնակցում են Կահիրեի Թահրիր հրապարակում հակակառավարական ցույցերին

Եգիպտոսի ընդդիմադիր ուժերը «ոչ համոզիչ» են որակել երկրում քաղաքական ճգնաժամին վերջ տալու ուղղությամբ կառավարության առաջարկած քայլերը:

Կիրակի օրը Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանի հետ բանակցություններից հետո ընդդիմադիրները հայտարարել են, որ կառավարության առաջարկները բավարար չեն:

Մինչդեռ, հանդիպման վերաբերյալ կառավարության տարածած տեղեկատվության համաձայն, կողմերը համաձայնել են հանձնաժողով ստեղծել բարեփոխումների ծրագրերը ուսումնասիրելու եւ սահմանադրական փոփոխություններ մշակելու համար:

Կառավարությունը խոստացել է չհետապնդել հակակառավարական ցույցերի մասնակիցներին, չխոչընդոտել մամուլի ազատությանը: Կառավարությունը որպես պայման նշել է, որ Հոսնի Մուբարաքը պետք է մնա իշխանության` վերահսկելու փոփոխությունների գործընթացը։

Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանի հետ հանդիպմանը մասնակցել են մի քանի կուսակցությունների, այդ թվում` Մահմեդական եղբայրություն խմբավորման ներկայացուցիչներ, ընդդիմության առաջնորդներից` Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին տնօրեն Մոհամեդ Էլ-Բարադեյի ներկայացուցիչները եւ անկախ փորձագետներ:

Կիրակի օրը Եգիպտոսի խորհրդարանի խոսնակը հայտարարեց, որ խորհրդարանը անորոշ ժամանակով առկախում է գործունեությունը` մինչեւ անցած խորհրդարանական ընտրությունների վիճարկելի արդյունքների մասին դատարանի որոշումը:

Խորհրդարանական անցած ընտրություններում գերակշիռ մեծամասնություն էր ստացել Մուբարաքի կուսակցությունը, բայց դիտորդները եւ ընդդիմությունը պնդում էին, որ ընտրությունները լայնածավալ խախտումներով են անցել:

Կահիրեում շարունակվում են ընդդիմադիրների ցույցերը:

Նախօրեին Թահրիրի հարապարակում կիրակնօրյա աղոթք են արել ղպտի քրիստոնյաները:
XS
SM
MD
LG