Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը հանդիպեց Հիլարի Քլինթոնին


Հայաստանի նախագահը հանդիպեց Հիլարի Քլինթոնին՝ Մյունխենում: Փետրվարի 5, 2011:
Հայաստանի նախագահը հանդիպեց Հիլարի Քլինթոնին՝ Մյունխենում: Փետրվարի 5, 2011:

Անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան համաժողովի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 5-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունը։

Ըստ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանը կարեւորել է Միացյալ Նահանգների ակտիվ դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում։

Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի պետքարտուղարին՝ ԵԱՀԿ-ի Աստանայի համաժողովում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ ցուցաբերած հստակ եւ հավասարակշռված դիրքորոշման համար։

Հիլարի Քլինթոնը նշել է, որ ուրախությամբ է հիշում իր հայաստանյան այցը, եւ շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:

Անդրադառնալով Հայաստան - Թուրքիա հարաբերություններին, պետքարտուղարը շեշտել է Միացյալ Նահանգների հաստատակամությունը` աջակցելու երկու երկրների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու գործընթացը շարունակելու հարցում:

Նախագահը եւ ԱՄՆ-ի պետքարտուղարը քննարկել են հայ - ամերիկյան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնմանն ուղղված մի շարք խնդիրներ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի
հակամարտության կարգավորման ներկա փուլին, ինչպես նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքի վերաբերյալ հարցերի:

Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը Մյունխենից վերադարձել է Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG