Մատչելիության հղումներ

Գյումրիի քաղաքապետի որդու անունը կրկին շոշափվում է քրեական համատեքստում


Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան
Շաբաթ օրը ոստիկանությունը, ըստ էության, չհերքեց տեղեկությունը, որ երկու օր առաջ Գյումրիում բերման են ենթարկվել «օրենքով գողեր», որոնց հետ նաեւ` քաղաքապետ, իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, թե եղե՞լ է արդյոք նման դեպք, եւ «օրենքով գողերի» հետ միասին բերման ենթարկվածների թվում եղե՞լ է նաեւ Գյումրիի քաղաքապետի որդին, Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից փոխանցեցին հետեւյալը. - «Ոստիկանությունը մշտապես պրոֆիլակտիկ միջոցառումներ է իրականացնում քրեածին աշխարհում»:

Լրատվության վարչությունից չմեկնաբանեցին նաեւ այն տեղեկությունը, թե փաստի առնչությամբ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ` փետրվարի 3-ին ժամը 15:00-ի սահմաններում Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Գյումրիի Շառլ Ազնավուրի անվան հրապարակի վրա գտնվող «Բյուզարդ» ռեստորանային համալիրից ոստիկանության Շիրակի մարզային վարչություն բերման ենթարկված 20-25 անձանց շարքում եղել են նախկինում դատապարտված, «օրենքով գողեր» «Զապ» (նշվում է նաեւ «Զավ») մականունով 43-ամյա Անդրանիկ Սողոյանը, «Օշականցի Գեւորիկ» մականվամբ 41-ամյա Գեւորգ Մելիքյանը, «Պավլուշի տղա Սուրո» մականվամբ 38-ամյա Սուրեն Ավետիսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան` Գյումրիի քաղաքապետի մամուլի քարտուղար Լիլիթ Աղեկյանը շաբաթ օրը միայն նշեց, թե Վարդան Ղուկասյանի որդին «կապ ու առնչություն չի ունեցել» վերոհիշյալի հետ:

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի անունն առաջին անգամ չէ, որ արծարծվում է տարբեր քրեական պատմությունների հետ կապված:

Այսպես, 2007 թվականի մայիսին Գյումրիի Տերյան փողոցում տեղի ունեցած փոխհրաձգությանը մասնակցելու մեղադրանքով ձերբակալված Սպարտակ Ղուկասյանը դատապարտվեց 18 ամսվա ազատազրկման, սակայն ժամանակից շուտ ազատ արձակվեց` անազատության մեջ մնալով ընդամենը վեց ամիս:

2009 թվականի հուլիսին Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի ջրամբարի տարածքում Գյումրիից Էջմիածին գնացող մի խումբ երիտասարդների հետ վիճաբանության հետեւանքով հրազենային վնասվածք էր ստացել այդ գյուղի բնակիչ Գեւորգ Հակոբյանը: Երիտասարդների թվում էր նաեւ Սպարտակ Ղուկասյանը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էին Սառնաղբյուր գյուղի բնակիչները, Հակոբյանն ընդամենը փորձել էր կանխել գյումրեցի երիտասարդների մուտքը բարձր լարման հոսանքագծերով տարածք: Ի պատասխան` երիտասարդներից մեկը ատրճանակով կրակել էր Հակոբյանի ուղղությամբ:

Այս միջադեպից մոտ մեկ ամիս անց ասուլիսի ժամանակ Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը դեպքի հետ կապված, մասնավորապես, հայտարարեց. - «Անձը հայտնաբերված է, զենքը հայտնաբերված է, մարդը կալանքի տակ է: Վարդան Ղուկասյանի տղան ընդամենը եղել է այդ խմբի մեջ: Նա որեւիցե ակտիվ մասնակցություն չունի այս հանցագործության կատարման մեջ»:

Ինչ վերաբերում է «Զապ» մականունով 43-ամյա Անդրանիկ Սողոյանին` նա Չեխիայում մեղադրվում էր հայազգի գործարար Արման Ահարոնյանի սպանությունը պատվիրելու մեջ, որն այդպես էլ չի կատարվել: Ի վերջո, անցած տարվա հոկտեմբերին կայացած դատական լսումների ժամանակ Չեխիայի դատարանը «վստահություն չներշնչող» որակեց առանցքային ականատեսի ցուցմունքները եւ ազատ արձակեց Սողոյանին:

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը 1999 թվականին ղեկավարած Սուրեն Աբրահամյանի գնահատմամբ, երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի ղեկավարի որդու ու քրեական հեղինակությունների հանդիպումը կարելի է բնութագրական համարել Հայաստանի ներկայիս քրեածին իրավիճակի համար:

«Նախկին ժամանակների համար յուրաքանչյուր նման փաստի բացահայտում, այսինքն` հանցագործ աշխարհի հետ կապ ունենալ, տվյալ պաշտոնատար անձի համար գոնե առնվազն պաշտոնանկություն կհետեւեր: Իսկ այսօր այդ քրեածին երեւույթները` նրանցից շատերը, ցավոք սրտի, իշխանական այս կամ այն օղակում են` այդ մականունավոր հեղինակությունները», - ասաց Աբրահամյանը` հավելելով. - «Եթե ձեզ զարմացնում է Գյումրիի հանդիպումը` որ քաղաքապետի որդին ինչ-որ հեղինակությունների հետ է հանդիպել, անկեղծ ասած, ես չէի զարմանա, եթե նույնիսկ այդ հանդիպմանը քաղաքապետը ինքը լիներ»:

«Ինչո՞ւ եք զարմանում, երբ հայաստանյան ներկայիս իրականության պայմաններում հանդիպում են նման խոշոր քաղաքի ղեկավարի որդին ու քրեական հեղինակությունները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ, Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նա ավելացրեց, թե ոստիկանության ձեռնարկած ակցիան նաեւ կարող է նախազգուշացում լինել. - «Երկու վարկած կա. մեկը` որ դա ընդհանրապես զգուշացում է քրեածին բոլոր այդ տարրերին, իսկ երկրորդը` զգուշացում է նույն քաղաքապետին, որ կարող է պատահել` եւ ամպրոպը դիպչի ավելի շուտ իրեն, քան որդուն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG