Մատչելիության հղումներ

Փետրվարի 5-ի մամուլ


«Կապիտալ»-ին տված հարցազրույցում Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը գնահատում է Եգիպտոսում ստեղծված իրադրությունը եւ զուգահեռներ տանում հայաստանյան իրականության հետ: Հարցին` «Ըստ Ձեզ` Հայաստանում կա՞ եգիպտական դեպքերի կրկնության հավանականություն», Թորոսյանը պատասխանում է. - «Որպես ուղիղ հետեւանք` կարծում եմ` ոչ: Նախ` միանգամայն տարբեր են հանգամանքները` ազգային ինքնության բաղադրիչները` կրոնը, ավանդույթները, մշակույթը, ինչպես նաեւ նախապատմությունը: Դժվար չէ նկատել, որ նման զարգացումներ հաջորդեցին այն երկրներում, որոնք մի քանի հատկանիշներով նման են Թունիսին` Եգիպտոս, Եմեն, Սուդան: Ավելին` անգամ այդ երկրներում հեղափոխությունների ընթացքը տարբեր է: Այս շարքը հիշեցնում է «գունավոր հեղափոխությունների» շղթան նախկին խորհրդային տարածքում: Բայց, ինչպես հայտնի է, անգամ այն ժամանակ Հայաստանը կարողացավ խուսափել այդ ալիքից: Դա, անշուշտ, լավ է, քանի որ հեղափոխությունների հորձանուտում հայտնված երկրները ոչ միայն այդ ժամանակահատվածում են ունենում տարատեսակ կորուստներ, այլեւ դրան հետեւող զարգացումները դժվար է կանխագուշակել: Սակայն որեւէ իշխանություն չի կարող շարունակաբար հույսը դնել այն բանի վրա, որ իր երկրի ժողովուրդը, անցանկալի հետեւանքներից խուսափելու համար, երբեք չի դիմի հեղափոխական միջոցների` իր վիճակը շտկելու նպատակով: Ցավոք, Հայաստանում վերջին տարիների զարգացումները` մարտնչող տգիտության հաղթարշավը, ավելի ու ավելի խորացող կոռուպցիան եւ օրենքի համատարած ոտնահարումները, տնտեսության անհագուրդ մոնոպոլիզացիան, դատական համակարգի բացարձակ կառավարելիությունը, բնակչության շարունակական աղքատացումն ու բարոյազրկումը եւ բազմաթիվ այլ օր օրի խորացող հիմնախնդիրներ ոչ միայն հանգեցնում են հասարակության հուսահատությանն ու իշխանությունների նկատմամբ ատելության խորացմանը, այլեւ մի օր հանգեցնելու են պոռթկման` երկրի համար ցավալի հետեւանքներով»:

«Առավոտ»-ի խմբագիրը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ-ում վերստեղծված ենթահանձնաժողովին առնչվող մտահոգությունները չափազանցված են: Նա գրում է. - «ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողով վերստեղծելու փաստը մեր պատվիրակների կողմից բավականին դրամատիկ ընկալվեց: Ճիշտ է, իհարկե, որ դա անիմաստ եւ ի բնե անպտուղ կառույց է, եւ Չավուշօղլուն շահագրգռված է, որովհետեւ վստահ է, որ այդ ենթահանձնաժողովում ադրբեջանցիները եւ թուրքերը հայերի մասին ավելի շատ փիս-փիս բաներ կկարողանան ասել, քան մենք` նրանց մասին: Դա, իհարկե, ԵԽԽՎ նախագահին բարոյական բավարարվածություն կպատճառի եւ թույլ կտա Անկարայում զեկուցել, թե ինչ հերոսական ջանքեր է նա գործադրել ադրբեջանցի եղբայրներին աջակցելու համար: Բայց զուտ բովանդակային առումով ենթահանձնաժողովի ստեղծումը մեզ համար մեծ ողբերգություն չէ, եւ այդ կառույցը բոյկոտելու կարիքը չկա` թող «ապակառուցողականությունը» մեզնից դուրս չգա: Արդեն իսկ պարզ է, որ հայ - ադրբեջանական լեզվակռիվը, որը տեղի է ունենում բոլոր լիագումար նիստերում, տեղափոխվելու է նաեւ ենթահանձնաժողով: Զարմանում եմ, ի դեպ, եվրոպացիների վրա. նրանք չե՞ն հոգնում տարին երկու անգամ լսել երկու հետխորհրդային երկրների պատվիրակների փոխադարձ մեղադրանքները»: «Եթե ես լինեի հայ եւ ադրբեջանցի պատգամավորների տեղը, ապա ամենուր, այդ թվում` Եվրոպայի խորհրդում, կփորձեի փնտրել ոչ թե այն, ինչը մեզ բաժանում է, այլ այն, ինչը մեզ միավորում է, եւ որպես ժողովուրդների, հասարակությունների ներկայացուցիչ` կնպաստեի իրար նկատմամբ թշնամանքի, ատելության մեղմացմանը», - ընդգծում է «Առավոտ»-ի խմբագիրը:

«Հայոց աշխարհ»-ը անդրադառնում է երկպալատ խորհրդարանի գաղափարին` գրելով. - «Հայաստանում երկպալատ խորհրդարան ստեղծելու գաղափարը ալեկոծել է ՀԱԿ-ի ներկայացուցիչների միտքն ու հոգին, որոնք նիզակներն առած նետվել են առաջ` հնարավորինս արագ չեզոքացնելու եւ ոչնչացնելու այդ «վտանգավոր» գաղափարը: Տեր-Պետրոսյանի թիմակիցներին սարսափեցնում է մտահղացումը, ըստ որի Հայաստանի խորհրդարանի վերին պալատում պետք է ներկայացված լինի սփյուռքահայությունը: Կարծես թե ոչ մի արտառոց բան չկա, որ ազգային հիմնահարցերի լուծման գործում պետք է ներգրավված լինի նաեւ Սփյուռքը, բայց արդեն Հայաստան պետության, իր հայրենիքի օրենսդիր մարմնի աշխատանքներին մասնակից դառնալու ձեւով: Ի վերջո, տարբեր շրջանակներ ներկայացնող սփյուռքահայ գործիչները այս կամ այն չափով ներգրավված են երկրի բոլոր բնագավառներում, արդեն երկու տասնամյակ սոցիալական, տնտեսական, մշակութային, գիտակրթական ու բարեգործական ծրագրեր են իրականացնում: Եվ երկպալատ խորհրդարան ստեղծելով, ուղղակի, այսպես ասած, պաշտոնականացվում է սփյուռքահայության գործունեությունը իրենց հայրենիքում»:

«168 ժամ»-ը գրում է. - «Երբ վերջին շրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սկսեց համալրվել տարբեր մանր կուսակցություններով, քաղաքական դաշտում խոսակցություններ շրջանառվեցին, որ ԲՀԿ-ին են անդամագրվելու նաեւ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ու նրա լուծարված «Դաշինք» կուսակցության նախկին անդամները: Լավատեղյակ աղբյուրների համաձայն` իրականում այդ տեղեկությունները շրջանառության մեջ են դրվել իշխանությունների կողմից` որպես ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ուղղված սպառնալիք: Որոշ տեղեկությունների համաձայն, իշխանությունները նախապես ծրագրել են Սամվել Բաբայանին ԲՀԿ «գործուղելու» միջոցով այդ կուսակցությունը բաժանել երկու թեւերի կամ առանցքների` այդպիսով թուլացնելով Գագիկ Ծառուկյանի ազդեցությունը կուսակցությունում: Նախկին «Դաշինք» կուսակցության անդամ, Սամվել Բաբայանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից մեկը համարվող Գնել Ղլեչյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե Բաբայանն առայժմ սառեցրել է իր քաղաքական գործունեությունը»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG