Մատչելիության հղումներ

Հոսնի Մուբարաքը շարունակում է մնալ Եգիպտոսի նախագահը, թեեւ ընդդիմությունը խոստացել էր փետրվարի 4-ը դարձնել «վճռական օր» եւ «Մուբարաքի հեռանալու ուրբաթ»:

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` շաբաթ օրը Մուբարաքը առաջին անգամ հանդիպել է իր նոր կառավարության անդամների հետ:

Հանդիպմանը մասնակցել են վարչապետ Ահմեդ Շաֆիքը, ինչպես նաեւ նավթի, առեւտրի, ֆինանսների, սոցիալական համերաշխության նախարարները եւ Կենտրոնական բանկի նախագահը:

Արդեն 12 օր շարունակվող քաղաքական ճգնաժամի հետեւանքով Եգիպտոսի տնտեսության կրած վնասը գնահատվում է 3.1 միլիարդ դոլար:

Հոսնի Մուբարաքը օրերս հայտարարել էր, որ ցանկանում է ավարտին հասցնել իր պաշտոնավարումը, որի ժամկետը սպառվում է այս տարվա սեպտեմբերին, եւ այլեւս չառաջադրվել։

Նա հավաստիացրել էր նաեւ, որ մտադիր չէ իշխանությունը փոխանցել իր որդուն` իշխող Ազգային ժողովրդավարական կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Գամալ Մուբարաքին, ով վերջերս տիկնոջ եւ դստեր հետ օդանավով փախուստի է դիմել եւ ապաստանել է Լոնդոնում։

Սակայն նախագահի խոստումներն արդեն չեն բավարում ընդդիմությանը, եւ ուրբաթ օրը հարյուր հազարավոր ցուցարարներ նորից հավաքվել էին Կահիրեի Թահրիր հրապարակում:

Փետրվարի 4-ի բողոքի ցույցերի ժամանակ, ի տարբերություն նախորդ օրերի, լուրջ ընդհարումներ ընդդիմադիրների եւ նրանցից մոտ մեկ կիլոմետր հեռու ակցիա անցկացնող Մուբարաքի կողմնակիցների միջեւ չարձանագրվեցին:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ուրբաթ օրը ակնարկել է, որ 82-ամյա Մուբարաքը պետք է հեռանա: Օբաման, մասնավորապես, հայտարարել է, որ «հայրենասերը» պետք է «անսա եգիպտացի ժողովրդի ձայնին», եւ կոչ է արել Մուբարաքին «ճիշտ որոշում կայացնել»:

Եվրամիության ղեկավարները, մինչդեռ, հստակորեն արտահայտվել են
Հոսնի Մուբարաքը հարցազրույց է տալիս ABC News-ի թղթակից Քրիշյըն Ամանփուրին
Եգիպտոսում փոփոխությունների օգտին` Բրյուսելում անցկացվող գագաթնաժողովում հայտարարելով, որ «այժմ պետք է մեկնարկի անցումային գործընթացը»:

Երկու օր առաջ ամերիկյան ABC հեռուստատեսությանը տված հարցազրույցում Եգիպտոսի նախագահը վստահեցրել էր, թե ցանկանում է հեռանալ, սակայն մտավախություն ունի, որ իր հրաժարականին կհաջորդի քաոսը երկրում:

Շաբաթ օրվա վերջին Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը հաղորդեց, որ հրաժարական է տվել երկրի իշխող Ազգային ժողովրդավարական կուսակցության գործադիր կոմիտեն, այդ թվում նախագահ Հոսնի Մուբարաքի որդին` Գամալ Մուբարաքը:

Ցուցարարները շարունակում են մնալ Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում, որտեղ մթնոլորտը օրվա ընթացքում հանդարտ է եղել:

Ընդդիմության առաջնորդները հայտարարում են, որ բողոքի ակցիաները չեն դադարելու, քանի դեռ նախագահ Մուբարաքը հրաժարական չի տվել, սակայն այսուհետ գլխավոր միջոցառումները անցկացվելու են երեքշաբթի եւ ուրբաթ օրերին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG