Մատչելիության հղումներ

«Հետք»-ը պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել Ռուբեն Հայրապետյանին


Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը:

Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը:

«Հետք» էլեկտրոնային պարբերականը դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին (ՀՀԿ) քրեական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով:

Պարբերականի լրագրող Գրիշա Բալասանյանը երկու օր առաջ զանգահարել է Հայրապետյանի բջջային հեռախոսին` ճշտելու, թե ինչ բարոյական վնաս է կրել «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակումից հետո, որի համար դատի է տվել պարբերականին: Հայրապետյանը անգամ չի լսել լրագրողի հարցը եւ վիրավորել է իրեն:

«Զրույցի հենց սկզբից մինչեւ վերջ սկսեց հայհոյանքներ, թե դու ով ես, որ զանգես իմ ձեռքի համարին… Հետո էլ սկսեց սեռական բնույթի հայհոյանքների շարանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուրբաթ օրը պատմեց Բալասանյանը:

Նա կարծում է, որ, ամեն ինչից զատ, Հայրապետյանը խոչընդոտել է իր մասնագիտական գործունեության իրականացումը:

Ռուբեն Հայրապետյանը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ լրագրողն իրեն «անհարմար պահի» է զանգահարել. նա գտնվել է բժշկի մոտ եւ լրագրողին ասել է, որ բոլոր հարցերը կարող է ճշտել մամուլի խոսնակի միջոցով:

«Հետք» էլեկտրոնային պարբերականի նամակը (ինչպես նաեւ լրագրողի եւ պատգամավորի հեռախոսազրույցի ձայնագրությունը) Գլխավոր դատախազին երեկ է ուղարկվել:

Հայաստանի գլխավոր դատախազությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ նամակը ստացել են:

«Հետք»-ը նամակը դիտարկում է որպես հաղորդում հանցագործության մասին:

Գրիշա Բալասանյանը ասաց, որ եթե հաղորդումը ընթացք չստանա, կդիմի դատարան` իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու հայցով:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG