Մատչելիության հղումներ

Եգիպտոսի ընդդիմությունը խոստանում է վճռական օր դարձնել փետրվարի 4-ը


Եգիպտոս - Ցուցարարները Կահիրեի Թահրիր հրապարակում պատրաստվում են ուրբաթօրյա աղոթքի, 4-ը փետրվարի, 2011թ.

Եգիպտոս - Ցուցարարները Կահիրեի Թահրիր հրապարակում պատրաստվում են ուրբաթօրյա աղոթքի, 4-ը փետրվարի, 2011թ.

Այս ուրբաթը կարող է դառնալ բեկումնային Եգիպտոսի պատմության ընթացքում։ Ընդդիմությունը շարունակում է պնդել, որ ճգնաժամից դուրս գալու ելքը նախագահի հրաժարականն է։

Նախագահ Հոսնի Մուբարաքը օրերս հայտարարել է, որ ցանկանում է ավարտին հասցնել իր պաշտոնավարումը, որի ժամկետը սպառվում է այս տարվա սեպտեմբերին, եւ այլեւս չառաջադրվել։

Նա հավաստիացրել է նաեւ, որ մտադիր չէ իշխանությունը փոխանցել իր որդուն` իշխող Ազգային ժողովրդավարական կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Գամալ Մուբարաքին, ով վերջերս տիկնոջ եւ դստեր հետ օդանավով փախուստի է դիմել եւ ապաստանել է Լոնդոնում։

Սակայն կուսակցության եւ երկրի նախագահի խոստումներն արդեն չեն բավարում ընդդիմությանը։ Հարյուր հազարավոր ցուցարարներ նորից հավաքվել են Թահրիր հրապարակում։

Փետրվարի 4-ը ցուցարարներն անվանում են «Մուբարաքի հեռանալու ուրբաթ»։

Ուրբաթը մահմեդականների համար հատուկ աղոթքի օր է, այսօրվա աղոթքը ավարտվել է, եւ Թահրիր հրապարակում հավաքված մարդիկ անմիջապես սկսել են վանկարկել նախագահի հրաժարականի կարգախոսը։

Ցուցարարների թիվն արդեն ավելանում է։ Եգիպտոսի պաշտպանության նախարար Հուսեյն Թանթավին այսօր այցելել է Թահրիր հրապարակ, որտեղ զինվորականների հետ քննարկել է Մուբարաքի ընդդիմախոսների եւ աջակիցների միջեւ անցած երկու օրերին տեղի ունեցած արյունալի բախումների կրկնությունը կանխելու հարցը։

Մուբարաքի աջակիցների նախաձեռնած բախումներում զոհվել է առնվազն 10 եւ վիրավորվել ավելի քան 800 մարդ։

Անցած երկու օրերի ընթացքում Մուբարաքի աջակիցներից կազմված հրոսակախմբերը բիրտ հարձակումների են ենթարկել եգիպտական իրադարձությունները լուսաբանող լրագրողներին։

Ինքը Հոսնի Մուբարաքը ABC ամերիկյան հեռուստակայանի լրագրող Քրիսշյըն Ամանփուրի հետ զրույցում ասել է, թե արդեն հոգնել է եւ պատրաստվում է հեռանալ, սակայն այս պահին հրաժարական չի տա, քանի որ այդ դեպքում երկրում քաոս է կսկսվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG