Մատչելիության հղումներ

Մյունխենում բացվում է անվտանգության հարցերով համաժողովը


Գերմանիա - Մյունխենի Bayrischer Hof հյուրանոցը, որտեղ անցկացվելու է անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովը, 4-ը փետրվարի, 2011թ.

Գերմանիա - Մյունխենի Bayrischer Hof հյուրանոցը, որտեղ անցկացվելու է անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովը, 4-ը փետրվարի, 2011թ.

Ուրբաթ օրը Մյունխենում բացվում է անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային 47-րդ համաժողովը, որը կավարտվի փետրվարի 6-ին:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Գերմանիա` համաժողովին մասնակցելու համար:

Այս միջոցառմանը ամեն տարի մասնակցում են շուրջ 350 ներկայացուցիչներ մի քանի տասնյակ պետություններից:

Մյունխեն են մեկնում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը, Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, ամերիկացի ծովակալ Ջեյմս Սթավրիդիսը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Մյունխենյան հավաքին մասնակցելու է նաեւ հյուրընկալող երկրի` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Անվտանգության 47-րդ համաժողովի ընթացքում քննարկվելու են Եգիպտոսում եւ արաբական այլ երկրներում այս օրերին ծավալվող դրամատիկ իրադարձությունները:

Մյունխենյան համաժողովի շրջանակներում տեղի կունենա Մերձավոր Արեւելքում խաղաղության գործընթացի հարցով քառյակի` ՄԱԿ-ի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Եվրոպական միության բարձրաստիճան դիվանագետների հանդիպումը:

Բացի այդ, քննարկվելու է Աֆղանստանի վիճակը:

Մյունխենում Սերգեյ Լավրովը եւ Հիլարի Քլինթոնը պաշտոնապես փոխանակելու են իրենց երկրներում օրենսդիրների կողմից հավանության արժանացած եւ նախագահների ստորագրություններով վավերացված միջուկային սպառազինությունների կրճատման ռուս - ամերիկյան պայմանագրի վավերագրերը, եւ փաստաթուղթը այդպիսով կմտնի ուժի մեջ:

Մյունխենյան առաջին համաժողովը գումարվել է 1962 թվականին` անվանի հրատարակիչ Էվալդ Հենրիխ ֆոն Կլեյստշմենցինի նախաձեռնությամբ, նա էլ նախագահ է ընտրվել: 1999 թվականին նրան փոխարինել է Հորստ Տելչիկը, ով նախկինում աշխատել է որպես դաշնային կանցլերի գրասենյակի ղեկավարի տեղակալ:

10 տարի անց` 2009 թվականին Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահությունը ստանձնել է Վոլֆգանգ Իշինգերը, ով նախկինում աշխատել է որպես Գերմանիայի փոխարտգործնախարար, ղեկավարել է Գերմանիայի դիվանագիտական առաքելությունները Միացյալ Նահանգներում, ապա` Մեծ Բրիտանիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG