Մատչելիության հղումներ

Փետրվարի 4-ի մամուլ


Մեկնաբանելով Եգիպտոսի նախագահին նվիրված այն հրապարակումները, որոնցում Մուբարաքը գնահատվում է որպես հայրենասեր եւ ուժեղ ղեկավար` «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Պարզվում է` այն, որ նա հրաժարական չի տալիս, խիզախության նշան է, եւ դրանով նա ոչ թե կառչում է իր առոթից եւ 30 տարում համապատասխան ձեւով կուտակած միլիարդներից, այլ պարզապես մտածում է իր երկրի, իր պարտքի, իր Ալլահի մասին: «Ես կմահանամ Եգիպտոսի հողի վրա, ես կռվել եմ իմ երկրի, նրա ինքնիշխանության համար»` Մուբարաքի հատկապես այս խոսքերն են առաջացնում հրապարակախոսների հիացմունքը: Կռված տղա է` մի խոսքով, ազատամարտիկ, երկրապահ: Ինչը, իհարկե, միանգամայն արդարացնում է, որ երկրի 83 միլիոնանոց բնակչության ուղիղ կեսը ապրում է օրական 2 դոլարով եւ քարշ է գալիս առանց աշխատանքի: Գազազած ամբոխը, իհարկե, սարսափելի բան է, բայց հետաքրքիր է` ի՞նչն է մարդկանց գազազացրել` չքավոր կյա՞նքը, թե՞, ինչպես Ռուսաստանում են կարծում` իմպերիալիստական դավերը: Ճշմարտությունը, անշուշտ, մեկն է: Այդ միակ ճշմարտության ընկալմանը խանգարում են տասնամյակներով կամ դարերով մարդկանց ուղեղներում արմատավորված մոլորությունները: Տվյալ դեպքում` այն խորհրդային եւ հետխորհրդային առասպելը` իբր պետությունը կարող է հաջողությունների հասնել միայն մարդկանց ստրկացնելով, եւ բոլոր բռնապետերը, այդպիսով, պետական մեծ շինարարներ են եւ երկիրը ծաղկեցնող ուժեղ ղեկավարներ»:

«Հայոց Աշխարհ» թերթի վերլուծաբանը գնահատում է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Լիտվայի նախագահության օրոք ղարաբաղյան գործընթացի հեռանկարները: «ԵԱՀԿ նախագահությունը Ղազախստանից Լիտվային անցնելու փաստը մեծացրել է այդ երկրի հանդեպ Ադրբեջանի ու Հայաստանի դիվանագետների եւ քաղաքական դետերի ուշադրությունը։ Ղազախական դիվանագիտության կատարյալ ֆիասկոն առաջիկայում իր որոշակի ազդեցությունն է ունենալու նաեւ լիտվական դիվանագիտության ակտիվության վրա։ Հիշեցնենք, որ Լիտվայի անկախության հիմքերը դրած շատ գործիչներ 1980-ականների վերջերին բազմիցս ներկա են եղել Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքներին, մեզ հետ միասին իրենց բռունցքները բարձրացրել ի պաշտպանություն Ղարաբաղի ժողովրդի։ Լիտվայում գործում է նաեւ ազդեցիկ հայ համայնք, որ կարեւոր դերակատարություն ունի հայ-լիտվական բարեկամության ավանդույթների պահպանման ու ամրապնդման հարցում՝ արդեն հասնելով Լիտվայի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը», - գրում է թերթի մեկնաբանն ու մի շարք դիտարկումների արդյունքում հետեւյալ եզրահանգումն անում. - « Կարծում ենք, ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության ընթացքում եւ նրա կողմից Ռուսաստանի առանցքային դերակատարության ճանաչման պայմաններում ավելի քան բարենպաստ պայմաններ են ստեղծվում հայկական քարոզչության լայն հակահարձակման համար»։

«Հայկական ժամանակ»-ը գնահատում է Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի` կառավարության նիստում արած հայտարարությունը: Թերթը նախ մեջբերում է Հակոբյանին. - «Մարտի 1-ը ո՞վ էր ամբողջը ֆիքսում, իշխանությունները ոնց էին «ռեգուլիրոված» անում. դա մենք էինք, օնլայն տալիս էինք ամբողջ ինֆորմացիան»: Թերթը մեկնաբանում է. - «Մարտի 1-ը Հայաստանի իշխանությունների եւ հատկապես իրավապահ մարմինների կողմից կազմակերպված լինելու ավելի լավ խոստովանություն, թերեւս, դժվար է գտնել: Բացի այդ, Գորիկ Հակոբյանի խոստավանությամբ ապացուցվում է եւ այն, որ Հայաստանի իրավապահները մարտի 1-ի իրադարձությունները կազմակերպելուց բացի նաեւ կոծկել են տեղի ունեցածը: Մարտի 1-ի քրեական գործի նյութերում բացակայում է Գորիկ Հակոբյանի նշած «օնլայն տրված ամբողջ ինֆորմացիան»: Որտե՞ղ է այդ ինֆորմացիան, ինչո՞ւ այն չի կցվել մարտի 1-ի քրեական գործին, արդյոք այդ ինֆորմացիայի մեջ չկա՞ն մարտի 1-ի տասը զոհերի սպանությունների կադրերը: Կարեւոր է նաեւ պարզել, թե ում նկատի ունի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը` ասելով, թե «իշխանությունները ոնց էին «ռեգուլիրոված» անում»: Այդ ո՞ւմ է օնլայն ինֆորմացիա տրվել եւ ովքե՞ր են այդ «իշխանությունները», որ «ռեգուլիրոված» են անում»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Երեկ մենք հայտարարություն ենք ստացել Հայաստանի երիտասարդական կուսակցության անդամ, «Արցախ» մամուլի ակումբի նախագահ Արման Սարգսյանից, որը գրել է, որ ինքը եւ իր գաղափարակից հարյուր ընկերները համաձայն չեն Հայաստանի երիտասարդական կուսակցության լուծարման եւ «Բարգավաճ Հայաստան»-ին միանալու որոշման հետ եւ չեն համալրելու վերջինիս շարքերը»: Թերթի հետ զրույցում Սարգսյանը ասել է, որ «համագումարի ժամանակ իրենց կարծիքը չեն հարցրել»: Իսկ իրենք կարծում են, որ Հայաստանի երիտասարդական կուսակցության (ՀԵԿ) եւ «Բարգավաճ Հայաստան»-ի գաղափարները նույնը չեն, եւ միավորում չի կարող լինել: Նրանք պատրաստվում են, որպես բողոքի նշան, առաջիկայում դուրս գալ ՀԵԿ-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG