Մատչելիության հղումներ

Եգիպտոսի նորանշանակ վարչապետը ներողություն է խնդրում


Եգիպտոսի նախագահ Մուբարաքը զրուցում է նորանշանակ վարչապետ Ահմեդ Շաֆիգի հետ: 29-ը հունվարի, 2011թ.
Եգիպտոսի նախագահ Մուբարաքը զրուցում է նորանշանակ վարչապետ Ահմեդ Շաֆիգի հետ: 29-ը հունվարի, 2011թ.

Եգիտոսի նորանշանակ կառավարության ղեկավար Ահմեդ Շաֆիգը հինգշաբթի օրը հանդես եկավ մամուլի իր առաջին ասուլիսով, որի ընթացքում պաշտոնապես ներողություն խնդրեց բոլոր այն մարդկանցից, ովքեր տուժել էին վերջին օրերի բախումների ընթացքում:

«Ես` որպես պետական գործիչ, որի պարտականությունների թվին է պատկանում նաեւ ձեր որդիների պաշտպանությունը, ներողություն խնդրելու անհրաժեշտություն եմ զգում: Մեզ հայտնի չէ, թե ովքեր էին այս հարձակումների կազմակերպիչները, ովքեր էին նրանց ուղղորդում: Ես արդեն իսկ հրահանգել եմ այս խնդրի շուրջ հետաքննություն իրականացնել», - հայտարարել է Եգիպտոսի վարչապետը` հավելելով.- «Մենք պետք է պարզենք` արդյո՞ք այս գործողությունները տարերային բնույթ էին կրում, թե՞ դրանք նախապես ծրագրված էին»:

Վարչապետ Շաֆիգը նաեւ կրկնեց ընդդիմության հետ երկխոսություն սկսելու` ավելի վաղ հնչեցրած առաջակը. - «Մենք պատրաստ ենք բանակցել բողոքի գործողություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում` «Մահմեդական եղբայրության» ներկայացուցիչների հետ: Դրա հետ մեկտեղ Եգիպտոսի կառավարությունում համոզված են, որ նախագահ Մուբարաքի հրաժարականի պահանջն անընդունելի է»:

Կառավարության ղեկավարի այս հայտարարությանն ի պատասխան Եգիպտոսի ընդդիմության առաջնորդ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար Մոհամեդ Էլ-Բարադեին «Ռոյթերզ» գործակալությանը հետ զրույցում հայտարարել է. - «Մենք չենք ցանկանում հանդիպել կառավարության ներկայացուցիչների հետ: Մեզ համար բանակցությունների միակ թեման Մուբարաքի հրաժարականն է»:

Երկխոսության կոչերին զուգահեռ Եգիպտոսի իշխանությունները շարունակում են նորանոր զիջումների գնալ` փորձելով հանդարտեցնել իրավիճակը: «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, Եգիպտոսի գլխավոր դատախազը մի շարք պաշտոնաթող նախարարների արգելել է լքել երկիրը: Ներքին գործերի արդեն նախկին նախարար Հաբիբ Ալ-Ադլին կանչվել է հարցաքննության: Իրավապահները փորձում են պարզել, թե ինչու էր ոստիկանությունը անցած ուրբաթ օրը տեղի ունեցած ընդհարումների ժամանակ կրակ բացել ցուցարարների վրա:

Բացի այդ մի շարք խոշոր գործարարների եւս արգելվել է լքել Եգիպտոսի տարածքը, տեղական բանկերում սառեցվել են նրանց հաշիվները: Այս գործարարաների թվում է նախագահ Մուբարաքի որդու մերձավորներից մեկը` միլիարդատեր Ահմեդ Էզը:

Եգիպտոսում ստեղծված իրավիճակին այսօր կրկին անդրադարձավ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:

«Մենք աղոթում ենք, որպեսզի բռնությունները Եգիպտոսում ավարտվեն եւ այդ ժողովրդի իղձերն իրականություն դառնան», - նշել է Օբաման` խոստանալով նաեւ, որ ճգնաժամի ավարտին ԱՄՆ-ը ֆինանսական օգնություն կցուցաբերի Եգիպտոսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG