Մատչելիության հղումներ

Անկախացումից 20 տարի հետո վերջապես Արցախում բացվում է ազգային պատկերասրահ:

Մտահղացումը Մոսկվայում բնակվող, արմատներով արցախցի, ակադեմիկոս Գրիգոր Գաբրիելյանցինն է:

Մասնագիտությամբ երկրաբան Գաբրիելյանցը երկար տարիներ աշխատել է Տաջիկստանում, եղել է ԽՍՀՄ երկրաբանության նախարար:

Հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ նորաստեղծ պատկերասրահի ցուցանմուշների հիմքում ընկած է գեղանկարների իր անձնական հավաքածուն, որը ինքը սիրով նվիրում է Արցախին:

Գաբրիելյանցը փոխանցեց, որ, տեղեկանալով նախաձեռնությանը, իր ընկերները, մտերիմները, անգամ օտարազգի մարդիկ` նկարիչներ, սեփական հավաքածուների ունեցող անձինք, հետեւել են իր օրինակին ու բազմաթիվ գեղանկարներ ու գրաֆիկական աշխատանքներ են նվիրել ստեղծվելիք պատկերասրահին: Այսօրվա դրությամբ, այդ հավաքածուի նկարների թիվը հասել է շուրջ 200-ի:

Մոսկովաբնակ հայերի նախաձեռնությունը ոգեւորել է նաեւ Հայաստանի գեղանկարիչներին: Հայաստանի նկարիչների միության անդամները եւս նվիրատվություններ են կատարել. շուրջ հարյուր աշխատանք: Իր ֆոնդերից 5 նկար է տրամադրել Հայաստանի մշակույթի նախարարությունը:

Հայաստանցի գեղանկարիչների նվիրատվությունները վաղվանից կներկայացվեն Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում:

Ստեփանակերտում դեռեւս կոնկրետ շենք չի հատկացվել Ազգային պատկերասրահին:

Գրիգոր Գաբրիելյանցը, սակայն, այսօր հայտարարեց, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը իրենց խոստացել է առանձին շենք տրամադրել:

«Ես պրոֆեսիոնալ երկրաբան եմ, եւ իմ ունակությունները կարող եմ նաեւ այլ ասպարեզներում ներդնել Ղարաբաղի համար, ինչով եւ զբաղված եմ: Բայց համոզված եմ, որ այս շրջանում կրթությունը նույնքան կարեւոր է, որքան տնտեսության, պաշտպանունակության զարգացումը: Եվ չի կարելի ասել, թե հիմա սրա ժամանակը չէ: Հիմա ճի'շտ սրա ժամանակն է: Հայրենիքի պաշտպանության համար առողջ, կիրթ, զարգացած սերունց կրթելու ժամանակն է», - ասաց Գաբրիելյանը:

Ողջունելով նախաձեռնությունը` Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը ասաց. - «Քաղաքակիրթ երկրներում կան թանգարաններ, եւ ազգին բարձր մշակույթի հետ ծանոթացնելու եւ կրթելու համար պատկերասրահները մեծ դեր ունեն: Ղարաբաղում, ցավոք սրտի, մինչեւ այժմ չի եղել, բայց այդ ժողովուրդը կարոտ է սրան»:

Հավաքածուն Արցախ կտեղափոխվի փետրվարի 5-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG