Մատչելիության հղումներ

Ռուբեն Հայրապետյանը բացառում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղը ռուսներին «վաճառելու» հնարավորությունը


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը դժգոհ է մարտի 26-ին ֆուտբոլի «Եվրո-2012» ընտրական մրցաշարի շրջանակում Երեւանում կայանալիք Հայաստան - Ռուսաստան խաղը ռուսների «վաճառելու» վերաբերյալ մամուլի հրապարակումներից:

«Ցանկացած նման մեղադրանքներ ներկայացնելը քննության է ենթարկվում ՈւԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի կողմից եւ նշանակվում են ծառայողական քննություններ: Այդ քաղաքական ժուռնալիստները չեն հասկանում, որ երբ գրում են` Հայրապետյան Ռուբենը զենքի առեւտրով է զբաղվում, թմրանյութերի առեւտրով, եւ էլի ինչ-որ բաներով, դա ուղղակի խփում է երկրի իմիջին, որովհետեւ ես անընդհատ առնչվում եմ միջազգային բազմաթիվ կառույցների հետ` հանուն մեր երկրի ապագայի», - հինգշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Նրա խոսքով, շրջանառվող լուրերը անհանգստացրել են նաեւ Ռուսաստանի հավաքականին:

«Մի ամբողջ երկրի էլ այնտեղ են վիրավորում: Ի՞նչ է, Ռուսաստանի հավաքականը երեւի այդպիսի թո՞ւյլ հավաքական է, դուք էլ մտածում եք, որ պիտի գան, փողով մեր խաղը առնեն, հա՞», - հարցրեց Ռուբեն Հայրապետյանը` ընդգծելով. - «Բայց հաստատ պիտի համոզված լինեք, որ ես այդ տեսակը չեմ: Ես ուղղակի չեմ կարող մարմնավաճառությամբ զբաղվել: Այդպիսի բան չի կարող լինել, որ Հայաստանի հավաքականը վաճառվի»:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը նաեւ հայտարարեց, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը «հաղթողի հոգեբանությունով եւ հաղթանակի կարոտ հավաքական է»:

«Մի փչացրեք ամեն ինչ եւ մի կոտրեք», - լրագրողներին կոչ արեց Ռուբեն Հայրապետյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG