Մատչելիության հղումներ

Էլ-Բարադեյ. «Բանակցությունների միակ թեման Մուբարաքի հրաժարականն է»


Եգիպտոս - Կահիրեի Թահրիր հրապարակը փետրվարի 3-ին
Եգիպտոս - Կահիրեի Թահրիր հրապարակը փետրվարի 3-ին
Անցած գիշեր Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում ծագած բախումների ընթացքում առնվազն 5 մարդ է զոհվել, մոտ 800-ը վիրավորվել են: Այս մասին Եգիպտոսի պետական հեռուստատեսության եթերում հաղորդել է երկրի առողջապահության նախարարը:

Զոհերի մասին տեղեկությունները տարածվեցին վաղ առավոտյան, երբ նախագահ Հոսնի Մուբարաքի կողմնակիցները հրազենի կիրառմամբ կրկին գրոհեցին Թահրիր հրապարակը, բայց հերթական անգամ ստիպված եղան նահանջել:

Առավոտյան ընդհարումներից անմիջապես հետո Թահրիր հրապարակի մերձակա փողոցներում տեղակայված բանակային ստորաբաժանումները ստիպված եղան յուրատեսակ բուֆերային գոտի ստեղծել` միմյանցից տարանջատելով Մուբարաքի եւ ընդդիմության կողմնակիցներին:

Վերջին երկու օրերի իրադարձությունները լուրջ դժգոհություն առաջացրեցին Արեւմուտքում, նախ եւ առաջ` Վաշինգտոնում:

Ընդամենը մի քանի ժամում կտրուկ կերպով փոխվեց ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունների տոնայնությունը: Եթե երկուշաբթի օրը նախագահ Օբաման գերադասում էր զերծ մնալ կտրուկ ձեւակերպումներից` պարզապես կոչ անելով Եգիպտոսի իշխանություններին եւ ընդդիմությանը ընդհանուր հայտարարի գալ, ապա Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գիբսի` մի քանի ժամ առաջ հնչեցրած հայտարարությունը անհամեմատ ավելի կոշտ էր:

«Նախագահն ու գործող վարչակազմը խստորեն դատապարտում են Կահիրեի փողոցներում ծագած բռնության դաժան եւ խորը ափսոսանք առաջացնող դեպքերը: Ակնհայտ է, որ եթե այս դեպքերից որեւէ մեկի ետեւում նշմարվում է կառավարության դերակատությունը, ապա դրան անմիջապես պետք է վերջ տրվի», - հայտարարել է Գիբսը:

Պաշտոնական Կահիրեն կտրականապես հերքում է բախումներում իշխանությունների դերակատարության մասին մեղադրանքները: Եգիպտոսի կառավարության խոսնակը հայտարարել է, թե նախագահ Մուբարաքի եւ իշխող վարչակազմի համար չորեքշաբթի օրը կատարվածը եւս խիստ անակնկալ էր:

Ընդդիմության կողմնակիցները, մինչդեռ, պնդում են, որ այսպես կոչված նախագահամետ ցուցարարներն իրականում կա'մ ոստիկանության աշխատակիցներ էին, կա'մ էլ իշխող Ազգային ժողովրդավարական կուսակցության աջակիցներ:

Երկրի նորանշանակ վարչապետ Ահմեդ Շաֆիքն էլ հինգշաբթի օրը դիմել է երկրի ընդդիմությանը` երկխոսություն սկսելու կոչով:

Երկրի առաջատար ընդդիմադիր ուժերը, սակայն, այդ թվում նաեւ Մոհամեդ Էլ-Բարադեյն ու «Մահմեդական եղբայրություն» կազմակերպությունը, մերժել են կառավարության առաջարկը:

«Մենք չենք ցանկանում հանդիպել կառավարության ներկայացուցիչների հետ: Մեզ համար բանակցությունների միակ թեման Մուբարաքի հրաժարականն է», - «Ռոյթերզ» լրատվական գործակալությանը փոխանցել է Էլ-Բարադեյը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG