Մատչելիության հղումներ

Էրդողան. «Մուբարաքը պետք է հեռանա անմիջապես»


Ղրղըզստան - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ասուլիսը Բիշքեկում, 2-ը փետրվարի, 2011թ.
Ղրղըզստան - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ասուլիսը Բիշքեկում, 2-ը փետրվարի, 2011թ.
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ասել է, թե Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը պետք է հեռանա անմիջապես` սեպտեմբերին հեռանալու նրա խոստումը բավարար չէ:

«Ժողովուրդը Մուբարաքից սպասում է շատ դժվարին որոշում: Գործող վարչակազմը հավատ չի ներշնչում ժողովրդավարական փոփոխությունների համար, ինչը ցանկանում է մտահոգություն հայտնող բնակչությունը», - NTV հեռուստաընկերության փոխանցմամբ` հայտարարել է Թուրքիայի վարչապետը չորեքշաբթի օրը Ղրղըզստան կատարած այցի ընթացքում:

Սա արդեն երկրորդ անգամ է, որ Էրդողանը դիմում է Մուբարաքին։ Այս հայտարարությունից մեկ օր առաջ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում` Էրդողանը ասել էր, թե Եգիպտոսի նախագահը պետք է լսի ժողովրդի պահանջները։

Էրդողանը ամբողջ Մերձավոր Արեւլեքում ժողովրդավարական բարեփոխումների կոչ էր արել` ասելով, թե միայն առաջադեմ ժողովրդավարությունը կարող է ապահովել չափավորություն, հանդուրժողականություն, հաշտություն։

Միջազգային գործակալությունները նշում են, որ Իսրայելի հետ առճակատումից հետո Էրդողանը արդեն արաբական աշխարհում հերոս է դարձել։

«Ֆրանսպրես»-ը գրում է, որ Եգիպտոսի ցուցարարներին աջակցությունը, անկասկած, կբարձրացնի Թուրքիայի վարչապետի հեղինակությունը արաբական աշխարհում, նշելով, թե հավանական է, որ դա նաեւ խթան կլինի Մերձավոր Արեւելքում Թուրքիայի ազդեցության բարձրացմանը, ինչը նկատելի է վերջին տարիներին։

The Wall Street Journal պարբերականը գրում է, որ Էրդողանը, կոշտ դիրքորոշում ցուցաբերելով նախկին դաշնակից Իսրայելի նկատմամբ, ինքն իրեն դարձրեց տարածաշրջանում «քաղաքական փոփ-աստղ»։ Մեկնաբանը նշում է, որ թուրք պաշտոնյաները Եգիպտոսի դեպքերին հետեւում են անհանգստության ու բավարարվածության խառը զգացողությամբ։ Մի կողմից` տնտեսական հնարավոր կորուստների մտահոգություն կա, մյուս կողմից` դիվանագիտական ավելի մեծ ազդեցության հեռանկարներ, քանի որ Թուրքիան կարող է որպես այլընտրանքային մոդել ծառայել երկրների համար, որոնք, հնարավոր է, շուտով պետք է ընտրություն կատարեն ժողովրդավարական կամ մահմեդական կառավարում ունենալու հարցում, գրում է The Wall Street Journal-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG