Մատչելիության հղումներ

Փետրվարի 3-ի մամուլ


«Կապիտալ»-ը գրում է. - «Խոշոր հարկատուների առաջին տասնյակը 2010 թվականին գլխավորել է «ՀայՌուսգազարդը», թեեւ ընկերության կողմից վճարված հարկերը 2009 թվականի համեմատ կրճատվել են 10,4%-ով՝ կազմելով 16,5 մլրդ դրամ։ Ժամանակը ցույց տվեց, որ ապրիլի 1-ից բնակչության համար գազի սակագնի բարձրացումը 37,5%-ով, իսկ ընկերությունների համար՝ 13%-ով անխուսափելիորեն հանգեցրել է գազի սպառման կրճատմանը։ Ընկերության պաշտոնական տվյալների համաձայն՝ անցած տարի գազի իրացման ծավալները նվազել են 18%-ով եւ կազմել շուրջ 1,4 մլրդ խմ։ Ստացվում է, որ «ՀայՌուսգազարդի»՝ պետության համաձայնությամբ (գազի գները հաստատում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը) իրականացվող սակագնային քաղաքականության պայմաններում պետբյուջեին անուղղակի կերպով լուրջ վնասներ են հասցվել։ Բացի այն, որ «ՀայՌուսգազարդի» գնային քաղաքականության արդյունքում 2009 թվականի համեմատ պետբյուջեն չի ստացել շուրջ 2 մլրդ դրամ, կառավարությունը պետական բյուջեից հատկացրել է շուրջ 6 մլրդ դրամ՝ գազի սակագնի բարձրացման արդյունքում սոցիալապես խոցելի խավերի կորուստները փոխհատուցելու համար։ Ստացվում է, որ «ՀայՌուսգազարդը» պետբյուջեին անուղղակի հասցրել է 8 մլրդ դրամի վնաս»:

«Երկիր» օրաթերթում կարդում ենք. - «Հանրապետության երկրորդ նախագահ Քոչարյանի իշխանության տասը տարիներին նրա քաղաքական կարեւոր գործընկերներից է եղել Դաշնակցությունը: Որոշ փորձագետներ չեն բացառում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության դեմ պայքարում տեղի ունենա համադրված գործակցություն «Բարգավաճ Հայաստան»-ի եւ ՀՅԴ-ի միջեւ: Այս երկու ուժերին կարող են միանալ նաեւ այլ կուսակցություններ ու հեղինակություն վայելող անհատներ, ովքեր Քոչարյանի նախագահության տարիներին համագործակցել են նրա հետ եւ այսօր քննադատում են կառավարության քաղաքականությունը: Հանրապետական կուսակցությունը, որն այսօր խորհրդարանում ունի որակական մեծամասնություն, կփորձի ամեն գնով մեծամասնություն ապահովել նաեւ գալիք խորհրդարանում, այլապես Սարգսյանի վերընտրությունը կդառնա կասկածելի»:

«Հայոց Աշխարհ»-ը հարցազրույց է հրապարակել Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանի հետ: Հարց.- «Հայաստանի երիտասարդական կուսակցության եւ Հայաստանի առաջադիմական կուսակցության «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը միանալու համատեքստում վերստին արդիական է դարձել կուսակցությունների խոշորացման գաղափարը։ ՀՔԴՄ-ն ինչպե՞ս է վերաբերվում «գլոբալացման» այս գործընթացին»։ Հարությունյանը պատասխանում է. - «Ցավոք սրտի, որեւէ կուսակցության վերաբերյալ դատողություններ անելիս մեզանում ելնում են ոչ այնքան այդ կուսակցության մասնագիտական, քաղաքական ներուժից, որքան թվաքանակից։ Լավ, ենթադրենք, կուսակցությունն ունի 500 հազար անդամ, բայց այդ 500 հազարի մեջ չկա մեկը, որը ի վիճակի է նախարար աշխատել։ Ո՞ւմ է պետք այդ կուսակցությունը իր 500 հազար անդամներով` կարո՞ղ եք ինձ ասել… Ինչո՞ւ են միանում «Բարգավաճին»։ Ուժեղին միացող թույլերը, որոնք հույս ունեն, ուժեղի պոչից բռնած` մտնել խորհրդարան, ի՞նչ են տալու. ոչինչ չեն տալու` միայն վերցնելու են»։

«Առավոտ»-ի` «Ամալյանը ցավում է ԱԼՄ-ի համար» հրապարակումը տեղեկացնում է. - «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը պատասխանելով «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության բաց նամակին, որտեղ մտահոգություն էր հայտնված, թե ԱԼՄ-ի եթերազրկմամբ խուլերն այլեւս չեն օգտվելու իրենց հասանելի հնարավորությունից` նշել է. - «Խորապես ցավում ենք ԱԼՄ-ՀՈԼԴԻՆԳ ՍՊԸ-ի թիվ 8 մրցույթում պարտվելու կապակցությամբ վերջինիս հեռուստածրագրերում սուրդոթարգմանությամբ լրատվական թողարկման փակման վերաբերյալ: Միաժամանակ գտնում ենք, որ վերոհիշյալով չի խախտվել խուլ ու համր բնակչության լրատվություն ստանալու իրավունքը, քանի որ այլ հեռուստաընկերություններ նույնպես իրականացնում են լրատվական թողարկումներ` զուգորդված հայերեն լուսագրով»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Երբ գալիս է դեկտեմբերի 31-ը, լրագրողական, քաղաքագիտական, ասուլիսային ամենատարածված ժանրը դառնում է նախորդ տարվա ամփոփումը: Ամփոփում ասելով, ահա, շատ դեպքերում հասկացվում է նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած հիշարժան իրադարձությունների թվարկումը: Նույնիսկ այսպիսի տեխնիկական վերաբերմունքը ոչ մի դրական բան չի ասում «Հայաստան-2010»-ի մասին: Չնայած` մոտեցման հարց է. ոմանք, օրինակ, Չոռնի Գագոյի հրաժարականը Երեւանի քաղաքապետի պաշտոնից պատրաստ են նշանակությամբ համեմատել Նոյի աղավնու վերադարձի հետ` ձիթենու կանաչ ճյուղը կտուցին… Եվ դժվար է հավատալ, որ Չոռնի Գագոյի փոխարինումը Բելի Կարենով որեւէ հարց է լուծել մեր երկրում: 2010-ի իրական իմաստը հասկանալու համար մենք ընդամենը պետք է պատասխան գտնենք մի պարզ, պրիմիտիվ, բայց եւ բովանդակալից հարցի. ի՞նչ խնդիր ուներ Հայատանը, միջին վիճակագրական հայաստանցին 2010 թվականի հունվարի 1-ին, որն այլեւս չունի 2011 թվականի հունվարի 1-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG