Մատչելիության հղումներ

logo-print

Զոհեր եւ վիրավորներ Կահիրեում նոր բախումների հետեւանքով


Առնվազն 4 մարդ է սպանվել, ավելի քան 600-ը վիրավորվել են Կահիրեի Թահրիր հրապարակում Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հակառակորդների եւ աջակիցների միջեւ չորեքշաբթի օրը սկսված բախումների հետեւանքով:

Տարբեր աղբյուրներ հաղորդում են նաեւ 5, 6 սպանվածների մասին:

Մուբարաքի կողմնակիցները «մոլոտովյան կոկտեյլներ» ու այլ պայթուցիկներ են նետել հակակառավարական ցույցի մասնակիցների վրա: Ավելի ուշ հաղորդագրություններ տարածվեցին Թահրիր հրապարակում հնչած կրակոցների մասին:

Բախումները սկսվեցին այն բանից հետո, երբ նախագահ Մուբարաքը հրաժարվեց անմիջապես թողնել պաշտոնն ու հայտարարեց, թե չի մասնակցի մի քանի ամիս անց կայանալիք նախագահական հաջորդ ընտրություններին: Խոշորագույն քաղաքներում ընդդիմությանը զուգահեռ փողոց դուրս եկան Մուբարաքի աջակիցները։

Մայրաքաղաք Կահիրեում իշխանամետ ցուցարարները` ուղտեր եւ ձիեր հեծած, շրջապատեցին Թահրիր հրապարակը, որը անցած շաբաթվանից դարձել էր ընդդիմադիր շարժման կենտրոնը։ Կողմերի միջեւ անմիջապես սկիզբ առան բախումներ, որոնք շարունակվեցին ամբողջ գիշեր:

Եգիպտոսի բանակը, որը բախումների ընթացքում չորեքշաբթի երեկոյան եւ անցած գիշեր չեզոքություն էր պահպանում, հինգշաբթի առավոտյան, ինչպես տեղեկացնում է «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով «Ալ-Արաբիա» հեռուստատեսության հաղորդագրությունը, ձերբակալություններ է սկսել:

Ընդդիմությունը պնդում է, թե անկարգությունների ետեւում կանգնած է իշխանությունը, եւ Մուբարաքին աջակցող խմբերի մեջ իրականում հանդես են գալիս ոստիկանության ներկայացուցիչները։ Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը, մինչդեռ, հերքում է բռնություններին մասնակցելու մասին մեղադրանքները։

Վերջին 10 օրերի ընթացքում Եգիպտոսը գրեթե կաթվածահար վիճակում է: Երկրի տարբեր քաղաքներում ցույցի ելած հարյուր հազարավոր մարդիկ պահանջում են գործող նախագահի հրաժարականը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG