Մատչելիության հղումներ

Խմբակցությունների ներկայացուցիչները` խորհրդարանի վերին պալատի գաղափարի մասին


Հայաստանի Ազգային ժողովի նիստը

Հայաստանի Ազգային ժողովի նիստը

Խորհրդարանի վերին պալատի ձեւավորման եւ դրա կազմում նաեւ Սփյուռքի հայությանը ընդգրկելու գաղափարը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեցին Ազգային ժողովի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները:

Հայաստանի Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Սամվել Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ողջունելի համարեց «համահայկական խնդիրների լուծման համար համայն հայության ջանքերը կենտրոնացնելու ցանկացած քայլ»:

Ըստ Նիկոյանի` Սփյուռքի ներուժը հօգուտ Հայաստանի կենտրոնացնելու գաղափարը նոր չէ, եւ Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ ուղիներ են փնտրում դրա իրագործման համար: Այսօր ինստիտուցիոնալ փոփոխությունների անհրաժեշտություն կա, կարծում է խորհրդարանի փոխխոսնակը:

«Եթե մենք այսօր ասում ենք, որ 10 միլիոնանոց ժողովուրդ ենք, ապա պետք է փորձենք այդ 10 միլիոնանոց ժողովրդի հավաքական ներուժը համատեղել եւ կառավարելի դարձնել ի նպաստ հայության եւ Հայաստանի: Տեսեք՝ Սփյուռքի նախարարության ստեղծումը այդ ուղղությամբ քայլ էր, բայց, իհարկե, դա բավարար չէ, լրացուցիչ քայլեր են անհրաժեշտ, դրա համար պետք են նոր ինստիտուցիոնալ կառուցվածքներ», - ասաց Սամվել Նիկոյանը:

Ըստ նրա` խորհրդարանի վերին պալատի ստեղծումը այդ քայլերից մեկը կարող է դառնալ, բայց խորհրդարանի փոխխոսնակը առայժմ շատ վաղ է համարում դրա մասին խոսել` այդ գաղափարը համարելով լուրջ ու տեւական քննարկումների ենթակա: Նիկոյանը շեշտեց, որ գաղափարի իրագործումը հնարավոր է միայն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շնորհիվ, իսկ այդ փոփոխությունները, խորհրդարանի փոխխոսնակի կանխատեսումներով, կարող են տարիներ տեւել:

Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունից «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացավ, որ խորհրդարանի վերին պալատի ձեւավորման հարց առայժմ չի քննարկվել:

Հանրապետականի կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունը նախատեսում է իր առաջիկա նիստերում քննարկել հարցը:

«Մենք պայմանավորվածություն ունենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջիկա մեկ-երկու նիստերում անդրադառնալ եւ մտքերի փոխանակություն կատարել այս հարցի կապակցությամբ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:

«Ինքը գաղափարը` որպես համախմբող հանգամանք հայրենիքը Սփյուռքին, անշուշտ, ընդունելի է: Սակայն շատ կարեւոր է ուսումնասիրել միջազգային փորձը, շատ կարեւոր է հասկանալ՝ նախադեպեր կա՞ն, թե՞ ոչ, եւ շատ կարեւոր է հասկանալ՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը` որպես այս երկրում ապրող ժողովուրդ, իր պետականության մեջ, վերջին հաշվով, այս որոշումից, սա իրականություն դարձնելուց հետո ավելի ուժեղանո՞ւմ է, թե՞ ոչ», - ընդգծեց նա` հավելելով. - «Ահա դրան է նվիրված լինելու մեր փնտրտուքը»:

Խորհրդարանի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժվար իրականանալի համարեց Հայաստանի պայմաններում երկպալատանի խորհրդարան ձեւավորելու գաղափարը. Նրա կարծիքով` ներկայումս նման խոսակցությունների ակտիվացմամբ Հայաստանի իշխանությունները այլ նպատակներ են հետապնդում. - «Իշխանությունները կարծես փորձում են քայլեր իրականացնել ՝ Սփյուռքի համակրանքը շահելու համար, որովհետեւ հայ - թուրքական արձանագրություններից հետո սեպ առաջացավ իշխանություններ - Սփյուռք հարաբերություններում: Հիմա փորձում են այդ քայլով որոշակիորեն մեղմել այդ անջրպետը»:

Արմեն Մարտիրոսյանը երկպալատանի խորհրդարանի անհրաժեշտություն չի զգում: «Դա որեւէ խնդիր չի լուծի», - կարծում է նա:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG